Շվեյցարիայի նյութագիտության և տեխնոլոգիաների դաշնային լաբորատորիայի մասնագետները մշակել են FireDrone-ը՝ հրդեհաշիջման անօդաչու թռչող սարք, որը կարող է դիմակայել 200°C-ից բարձր ջերմաստիճանի։
Այս բարձր հրդեհային դիմադրողականությունը հնարավոր է դարձել անօդաչուի էլեկտրոնային բաղադրիչները պատող հատուկ պոլիամիդային աերոգելի շնորհիվ։ Բացի այդ, Techkult-ի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը հագեցած է ներքին ջերմաստիճանի մոնիթորինգի համակարգով, որը վերահսկում է դրա բաղադրիչների վիճակը և կանխում դրանց գերտաքացումը։ Սա թույլ է տալիս FireDrone-ին դիմակայել 200°C ջերմաստիճանին մոտավորապես 10 րոպե։
Անօդաչու թռչող սարքը հագեցած է տեսախցիկներով և սենսորներով, որոնք ջերմային պատկերները ուղիղ եթերով փոխանցում են մեծ էկրանով հեռակառավարման վահանակին, որը կարող են օգտագործել մի քանի օպերատորներ միաժամանակ։ Անօդաչու թռչող սարքը կարող է մանևրել շենքերում, թունելներում և արդյունաբերական օբյեկտներում՝ օդաչուի օժանդակ համակարգի շնորհիվ, նույնիսկ առանց GPS ազդանշանի։
FireDrone-ը օգտակար կլինի այրվող շենքերում հայտնված մարդկանց փրկելու և արդյունաբերական հրդեհները մարելու համար։ Ներկայումս սա ավելի առաջադեմ մոդելի միայն նախատիպն է, որը կհագեցած լինի այրման գազերը հայտնաբերելու և արտաքին ջերմաստիճանը չափելու լրացուցիչ սարքավորումներով: Նախատեսվում է նաև տեղադրել միացման կայան՝ թռիչքների միջև ընկած ժամանակահատվածում անօդաչու թռչող սարքի սպասարկման համար:





























