Երեւանի քաղաքապետարանում անհեթեթ են անվանել Ադրբեջանի ներկայացուցչի խոսքը` Հայաստանի մայրաքաղաքի «պատմական կենտրոնը վերստեղծելու գործում օգնելու վերաբերյալ»:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ադրբեջանական մամուլի համապատասխան հրապարակումը` Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը նշել է, որ նման անհեթեթ պնդումները ընդհանրապես մեկնաբանությունների կարիք չունեն: «Մենք ունենք անհրաժեշտ բոլոր գծագրերը, փաստաթղթերը եւ լուսանկարները», - ընդգծել է Արթուր Գեւորգյանը` հավելելով, որ առավել եւս, «օգնություն» պետք չէ նրանցից, ովքեր իրենց հայկական մայրաքաղաքի գիտակ են համարում եւ երեւակայում, որ կարող են ունենալ ինչ-որ նյութեր, որոնք չունի հայկական կողմը:
Ինչպես «Ինտերֆաքս-Ադրբեջանին» հղում անելով հաղորդում է «ԱՊԱ»-ն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ֆուադ Ախունդովը ասել է հետեւյալը. «Եթե Երեւանում իրոք ցանկանում են վերստեղծել քաղաքի նախկին պատմական պատկերը, մենք հայկական կողմին կարող ենք սիրով նկարներ եւ գծագրեր տրամադրել»:
«Հին Երեւան» ծրագրի շրջանակներում նախատեսվում է կենտրոնի մի հատվածում ստեղծել մայրաքաղաքի պատմական պատկերը: Ծրագիրը կոչված է նպաստել Երեւան այցելող զբոսաշրջիկների թվի ավելացմանը:




























