Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքներն ու մարտահրավերները վերջին տարիներին կրկնապատկվել են և սա պարզապես անվտանգության ճգնաժամ չէ։ Մենք ապրում ենք տարածաշրջանում և ամբողջ աշխարհում պատմական փոփոխությունների դարաշրջանում»։ Այս մասին փետրվարի 7-ին «Միասին» շարժման կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։

«Միջազգային քաղաքականության մեջ խաղի կանոնները փոխվել են, սխալների գինը բարձրացել է։ Ուժը կրկին հիմնական գործոն է դարձել միջազգային հարաբերություններում»,- նշել է նա՝ հավելելով, որ այս պայմաններում Հայաստանը բախվում է էկզիստենցիալ սպառնալիքների և լուրջ մարտահրավերների։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է վերականգնի ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողությունը։ «Մենք պետք է դուրս գանք մեզ պարտադրվող «պատերազմի կամ խաղաղության» կեղծ դիլեմայի տրամաբանությունից։ Հայաստանի առջև այլ ընտրություն է դրված՝ ռազմավարական խոցելիության շարունակական խորացման և ռազմավարական զսպման քաղաքականության ձևավորման միջև:

Առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ Հայաստանի հակառակորդների՝ Ադրբեջանի և Թուրքիայի, իրական նպատակները։ Ակնհայտ է, որ վերջիններս չեն ձգտում Հայաստանի հետ խաղաղ համակեցության, նրանց ռազմավարական նպատակները մնացել են անփոփոխ։ Դրանք կայանում են նրանում, որ Հայաստանը դառնա կենսունակությունից զուրկ, զրկվի ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից, խորացնի իր կախվածությունը թյուրքական աշխարհից, իսկ իրենց համար բարենպաստ պայմանների դեպքում՝ կլանվի «Մեծ Թուրան» նախագծի շրջանակներում։

Այս ռազմավարության ողնաշարը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, որն ուղղված է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խաթարմանը, ինչպես նաև տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխմանը՝ հօգուտ Բաքվի և Անկարայի»,- ընդգծել է Այվազյանը։

Նրա խոսքով՝ TRIPP-ը համապատասխան մոտեցման դեպքում (Հայաստանի ներուժի ամրապնդման պարագայում) կարող է վերացնել այդ սպառնալիքները, սակայն այն ներկա պայմաններում չի պարունակում Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության երաշխիքներ, ինչը կարող է ներառել նրա հակառակորդների նպատակների լեգիտիմացման ռիսկեր։

Նա նշեց այն ուժերի հետ իրական և արդյունավետ կոալիցիաների ձևավորման կարևորությունը, որոնք շահագրգռված են տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնմամբ։

Այվազյանը պարզաբանեց, որ խոսքը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագործարկման և Իրանի հետ կապերի խորացման մասին է՝ նպատակ ունենալով ստեղծել Հայաստան-Ռուսաստան-Իրան ռազմավարական եռանկյունին։