Մենք շատ ենք մեկնաբանել նոյեմբերի 9–ի հայտարարության հարցը մինչև նույնիսկ TRIPP–ի երևան գալը. մենք տեսել ենք այդ փաստաթղթի կենսունակությունը իր բոլոր կետերի չկատարումը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը անդրադառնալով NEWS.am–ի դիտարկմանը, որ օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նոյեմբերի 9–ի փաստաթուղթն արդիական է, կենսունակ է և կոմունիկացիաների հարցը կարող են լուծվել դրա շրջանակում։
Ինչ վերաբերում է Լավրովի մեկ այլ հայտարարությանը, թե տարօրինակ են խոսակցություններն այն մասին, որ Հայաստանին հյուսիսից սպառնալիքներ կան ընտրություններին միջամտելու, ներքաղաքական իրավիճակը լարելու առումով, Թորոսյանն ասաց. «Մենք հաճախ ենք տեսնում հատկապես ինֆորմացիոն, տեղեկատվական գրոհներ, որոնք ենթադրաբար ուղղորդվում են ինչ-որ շրջանակների կողմից, որոնք նաև նման են այլ երկրներում նման տեղեկատվական գրոհների, որոնք ենթադրաբար էլի ուղղորդվել են այն երկրների կողմից, որոնք որ չեն ուզել, որ այդտեղ տեղի ունենան, օրինակ, ժողովրդավար ընտրություններ։
Մենք մեր քաղաքացիների հետ նաև դրա մասին երկխոսությունը և թափանցիկությունը շատ կարևոր ենք համարում։ Մենք պետք է ցույց տանք, որ երբ, օրինակ, մի արհեստական մեկ օրանոց կայքում մի լուր է ծնվում և սկսում տարածվել, թե ռուսական շրջանակներում, թե հայկական շրջանակներում, որոնք ամեն ինչ պատճենում են ռուսական շրջանակներից, որ մեր քաղաքացին իմանա, որ դա սուտ է, ուղղորդված հակաքարոզչություն է այս կամ այն կամ ուժի կամ գործընթացի նկատմամբ, այդ թվում խաղաղության նկատմամբ։ Այդտեղ որևէ թաքցնելու կամ վատ բան չկա, հակառակը, մենք բոլորս պետք է խոսենք, որ մեր քաղաքացիները իրականությունը ապատեղեկատվությունից տարբերեն և ընտրություն կատարելիս, հատկապես այս նախընտրական շրջանում, իրենց գիտակցված ընտրությունը լինի, ոչ թե, օրինակ, այս կամ այն ուժերի կամ երկրների միջոցով ուղղորդված ընտրություն լինի, այդ թվում սոցիալական մեդիայի կողմից, ինչ-որ անհասկանալի վիդեոների, որոնք կարող են նաև շատ գրավիչ թվալ իրենց բովանդակության իմաստով, բայց ամբողջությամբ կեղծ լինել։ Դրա մասին խոսելը, ես կարծում եմ, ոչ միայն մեր իրավունքն է, այլև մեր պարտականությունը»։











