Խոսքը 9 միլիարդ դոլարի և Ամերիկայի նոուհաու հանդիսացող մոդուլային ատոմակայանների մասին է. ես «ներդրում» բառը ոչ միայն չեմ լսել, այլև ներդրման մասին խոսք չի եղել և հանրության մեջ տարածված այն վարդագույն օպտիմիզմը, թե հեսա ԱՄՆ փոխնախագահը Բաքվից հասնի Վաշինգտոնի և այդ 9 միլիարդի առաջին 5 միլիարդը էս մի երկու ժամվա մեջ կնստի և կբաժանենք 3 մլն քաղաքացու միջև՝ մարդը 1.7 միլիոն կստանա, դա այդպես չէ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 10–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Վենսի խոսքում հնչած «արտահանում» բառը թարգմանիչը «ներդրում» էր թարգմանել։
«Խոսքը 9 միլիարդանոց ծրագրի մասին է, որի ֆինանսական աղբյուրները, գոնե ինձ համար հասկանալի չեն։ Խոսքը բացարձակ Միացյալ Նահանգների կողմից տրվող գումարների մասին չէ։ Խոսքն այն մասին չէ, որ ԱՄՆ մասնավոր ընկերությունները գան և գումար ներդնեն, Հայաստանից աշխատուժ ու ապրանքներ վարձեն, ծառայություններ վարձեն, զրոյից ատոմական կառուցեն։ Իհարկե, եթե Հայաստանը վճարի դրա դիմաց, կանեն դա, և իմ ընկալումը այն էր, որ այստեղ ուղղակի ԱՄՆ–ն իր տեխնոլոգիան ներկայացնում է և վաճառում է Հայաստանին։
Որտեղի՞ց այդ ինը միլիարդը, ես իրոք չեմ պատկերացնում, Հայաստանի բյուջեն այդ հնարավորությունը չունի հավելյալ 9 միլիարդի պարտք շալակելու։ Չեմ բացառում, որ այդ 9 միլիարդի ինչ-որ մի մասը լինի տեխնիկական կամ խորհրդատվական աջակցություն կամ տեխնոլոգիական օգնություն, դրամաշնորհ։ Բայց 9 միլիարդից 4 միլիարդը հաստատ օգնություն չի լինի։ Ենթադրենք 100–200 միլիոնը կարող է օգնություն լինի»,–ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա նկատեց, որ ԱՄՆ–ի կողմից առաջարկվող մոդուլային ատոմակայանները տեսականորեն ավելի լավ են, որովհետև «դու մի հատ փոքր ես կառուցում, հետո պետք է լինում, ևս մի քիչ ավելացնում ես, պետք է լինում էլի ես մեծացնում, բայց արդյո՞ք դրանք թեստավորված են և աշխարհում գործող ատոմակայաններից քանիսն են մոդուլային, քանիսն են դասական։ Արդյոք իրենք ապացուցել են իրենց արդյունավետությունը և ամենակարևորը՝ անվտանգությունը։
Կա նաև վառելիքի խնդիրը, որը պետք է գնես, որը շատ թանկ հաճույք է, և փաստ չի, որ քեզ կարող են վաճառել։ Պետք է վառելիքը բերես, օգտագործես և հետո դեռևս սարսափելի, վտանգավոր, ռադիոակտիվ թափոնները պետք է կարողանաս հանես դուրս, քանի որ մշակելու կարողություն Հայաստանը չունի։
Այսինքն, այդ կոմպլեքս միջոցառման մանրամասները, քանի հայտնի չեն, շատ դժվար է որևէ դատողություն անելը, բայց այն, որ 9 միլիարդը ներդրում չի, մարդասիրական օգնություն չի, դա ակնհայտ է»,–ասաց նա։
Արթուր Խաչատրյանը նկատեց, որ ատոմակայանը համբուրգեր չի, որ բոլորին վաճառես. «Որոշակի ֆիլտրերով պիտի անցնես և դա ցույց է տալիս, որ Հայաստան-Միացյալ Նահանգների հարաբերությունները, 1991 թվականից ի վեր, աճ են արձանագրում, դա ակնհայտ է»,–ասաց նա։











