ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն հետաքրքրված է Իրանով, բայց նա դա չի կապում Հարավային Կովկասի հետ։ Դրա մասին հայտարարել է Ատլանտյան խորհրդի (Atlantic Council) Եվրասիայի ծրագրի տնօրեն և Ուկրաինայում և Ուզբեկստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբստը՝ NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդմանը հյուրընկալվելով։

Նրա խոսքով՝ Թրամփը Հարավային Կովկասում գործընթացներ է նախաձեռնել՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղություն հաստատելու և տարածաշրջանում ԱՄՆ առևտրային շահերը առաջ մղելու համար։

Հերբստը նաև նշել է, որ Իրանը Թրամփի վարչակազմի գերակա խնդիրներից մեկն է։

«Իրանը բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի և լավ հարաբերություններ՝ Ադրբեջանի հետ, ինչպես նաև ընդհանուր սահմաններ ունի այս երկրների հետ։ Բայց այս տարրը կարևոր դեր չի խաղում Հարավային Կովկասում Թրամփի քաղաքականության մեջ։ Սակայն ես չեմ ասում, որ դա ոչ մի դեր չի խաղում։ Թրամփը լուրջ ուշադրություն չի դարձնում Հայաստանին և Ադրբեջանին՝ իր իրանական քաղաքականության հետ կապված։

Նա, հավանաբար, մտածում է Իրանի վրա ճնշումը մեծացնելու մասին և, հնարավոր է, մտածում է, թե ինչպես կարող են օգնել Հայաստանն ու Ադրբեջանը, բայց սա նրա թեհրանյան քաղաքականության առաջնային պլանում չէ։

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես հասնեն խաղաղության համաձայնագրի, և Երևանը բարելավի հարաբերությունները Անկարայի հետ, Իրանի և Հայաստանի միջև սերտ համագործակցության պատճառները կվերանան»,- հավելել է փորձագետը։