Գիտնականներն առաջին անգամ կազմել են երկրագնդի մանթիայում՝ մոլորակի կեղևի տակ գտնվող խորը շերտում, տեղի ունեցող, այսպես կոչված, «անհնարին» երկրաշարժերի համաշխարհային քարտեզը։ Այն փաստում է, որ նման իրադարձությունները տեղի են ունենում աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններում, այլ ոչ թե միայն առանձին կետերում, ինչպես նախկինում կարծում էին։

Science ամսագրում հրապարակված այս աշխատանքը նոր էջ է բացում Երկրի մակերևույթի տակ սեյսմիկ ակտիվության կառուցվածքի և դրա հնարավոր պատճառների ընկալման հարցում։

Երկրաշարժերի մեծ մասը տեղի է ունենում երկրակեղևում՝ համեմատաբար բարակ ու փխրուն շերտում, որտեղ լարվածությունը կուտակվում է, իսկ հետո հանկարծակի պարպվում՝ առաջացնելով ցնցումներ։ Կեղևի տակ գտնվող մանթիան սովորաբար համարվում է պլաստիկ և «ձգվող» միջավայր, որտեղ նման կտրուկ խզումներն անհնարին էին թվում։ Սակայն երկրաֆիզիկոսները վաղուց էին հայտնաբերել շատ խորը ցնցումների վկայություններ, որոնք սկիզբ են առնում, այսպես կոչված, Մոհորովիչիչի սահմանից (Moho) ավելի քան 35 կմ խորության վրա։ Այդ սահմանն անջատում է կեղևը մանթիայից:

Խնդիրն այն է, որ նման խորքային երկրաշարժերի հստակ տեղորոշումը դժվար է. ավանդական մեթոդները պահանջում են մանրամասն տվյալներ ամեն մի կետում կեղևի հաստության մասին։ Սթենֆորդի համալսարանի գիտնականները մշակել են նոր մոտեցում, որը հիմնված է սեյսմիկ ալիքների առանձնահատուկ տեսակների համեմատության վրա, որոնք կա՛մ «կողպվում» են կեղևում, կա՛մ անցնում են մանթիա։ Տատանումների գրանցումները վերլուծելով՝ նրանք կարողացել են պարզել, թե որ դեպքերում են ցնցումներն իրականում սկսվել Moho սահմանից ներքև։

Այս մեթոդի օգնությամբ հետազոտողները 1990 թվականից ի վեր գրանցված ավելի քան 46 000 դեպքից առանձնացրել են մանթիայի 459 հաստատված երկրաշարժ, որոնք, ինչպես պարզվել է, տարածված են ողջ երկրագնդով մեկ։

Օրինակ՝ նման իրադարձությունների խիտ խմբեր են նկատվում Ալպերից մինչև Հիմալայներ (հավանաբար տեկտոնական սալերի բախման պատճառով), Արևելյան Աֆրիկայում, ԱՄՆ-ի արևմտյան մասում և նույնիսկ Բերինգի ծովի շրջանում՝ Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև։

Թեև նման երկրաշարժերը շատ ավելի հազվադեպ են, քան սովորական կեղևայինները, դրանց համաշխարհային բաշխվածությունը և առաջացման պայմանների բազմազանությունը ստիպում են նորովի դիտարկել խորքային սեյսմիկության մեխանիզմները։ Նոր քարտեզը գիտնականներին կօգնի ավելի ճշգրիտ ուսումնասիրել, թե երկրակեղևի տակ ընթացող որ գործընթացները կարող են մանթիայում խզումներ առաջացնել, և կբարելավի երկրաշարժերի մասին ընդհանուր պատկերացումը։