Հայաստանը շարունակում է Բաքվում պահվող հայերին վերադարձնելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքները։ Այս մասին փետրվարի 16-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե նա մտադիր չէ վերադարձնել Բաքվի դատարանի կողմից դատապարտված հայերին։

«Մեր հայրենակիցների վերադարձի շուրջ աշխատանքը մեր ամենօրյա աշխատանքն է: Նաև դուք տեսնում եք դրա արդյունքները, իհարկե, ոչ մեզ համար ցանկալի ժամանակամիջոցում, ոչ մեզ համար ցանկալի ձևով»,- ասել է Հովհաննիսյանը՝ ընդունելով, որ վերոհիշյալ անձանց վերադարձի ժամկետներն ու ձևերը կարող են շատերին չգոհացնել։

Այնուամենայնիվ, չնայած դրան, ինչպես նշել է պատգամավորը, կան նաև հաջողություններ։ «Ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան»,- հավաստիացրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը։