Սա ասպատակություն է, սա արշավ է, բայց ոչ միայն եկեղեցու, ոչ միայն ամենայն հայոց Վեհափառի նկատմամբ, այլ հայ ժողովրդի նկատմամբ և նաև մեր պետականության նկատմամբ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Այսպիսի արշավներ, իհարկե, հայ ժողովուրդը իր պատմության և եկեղեցին իր պատմության մեջ շատ է տեսել՝ թուրք-մոնղոլական արշավանքները, բոլշևիկների արշավանքները։ Նման հոգևոր, ինչու չէ, նաև ֆիզիկական կտտանքների հայ եկեղեցին իր 1700–ամյա և ավելի պատմության մեջ հանդիպել է։ Սա միայն և միայն թշնամական ձեռագիր է, բայց ցավոք սրտի, մեր ներքին թշնամու կողմից իրականացվող։ Դժվար չէ դեպքերի հաջորդականությունը, այսպես ասած, ջրի երես հանել և տեսնել, որ ճիշտ այն բանից հետո, երբ Գարեգին Երկրորդը Շվեյցարիայում խոսեց արցախցիների վերադարձի իրավունքի մասին, Արցախում տեղի ունեցող մեր հոգևոր և մշակութային ժառանգության նկատմամբ ասպատակության և ոչնչացման, ըստ էության մշակութային ցեղասպանության մասին, որը հաջորդեց նաև ուղղակի ցեղասպանությանը, այդ ամենից հետո սկսվեց եկեղեցու նկատմամբ այս անբարո, թրքաձեռագիր արշավանքը։

Իսկ որ Հայաստանի օրակարգերը վաղուց մշակվում են, պարտադրվում են Ադրբեջանում և Թուրքիայում, դա ավելի քան ակնհայտ է»,–ասաց նա։

Լիլիթ Գալստյանը տեղեկացրեց, որ  օրերս է վերադարձել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից, որտեղ խոսել է Հայ եկեղեցու նկատմամբ անթույլատրելի հարձակումների մասին. «Սա այն պարագայում, որ Եկեղեցին և պետությունը սահմանադրությամբ տարանջատված են։ Սա բարոյականից ու քաղաքականից անդին, պարզապես քրեական հանցագործություն է և սահմանադրության վրա նրանք սրբում են իրենց ոտքերը, ովքեր հարձակվում են եկեղեցու վրա։ ՔՊ–ական շրջանակները չեն փորձում հասկանալ, որ իրենք դարերի հոլովույթի մեջ ընդամենը մի հատ հյուլե են»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով նրան, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը այցելել էր Սաղմոսավանքիքահանա տեր Օշինին՝ պարզաբանում պահանջելու իր խոսքերի համար, Լիլիթ Գալստյանն ասաց, որ դա հաշվեհարդարի ձեռագիր է. «ԱԺ փոխնախագահը գնացել, հասել էր այնտեղ, ինչ-որ տղայական հաշիվներ պարզելու։ Սա անթույլատրելի վարք է, երբեմն դու գետինն ես մտնում այս վարքից։ Ես միշտ այդ հարցը ունեմ, թե մենք ինչպե՞ս հայտնվեցինք դեգրադացիայի, արժեզրկման, անբարոյականության այս հարթության վրա։ Բայց միևնույն է ես չեմ կորցնում իմ լավատեսությունը։ Նախ եկեղեցին ունի այն ուժը, բարեներոգվելու, հոգեներոգվելու, դիմանալու»,– ասաց նա։