Ինչպես Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի՝ իշխանությունը պահելու համար, այնպես էլ ընդդիմությունը պետք է պատրաստ լինի ամեն ինչի՝ իշխանությունը վերցնելու համար։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

Նա հավելել է, որ իշխանությունը կարող է վերցվել ընտրությունների, հեղափոխության կամ պետական ​​հեղաշրջման միջոցով։

«Միևնույն ժամանակ, ընդդիմությունը երբեք իշխանությունը չի վերցրել ընտրությունների միջոցով։ Հետևաբար, եթե Հայաստանում չհայտնվեն հեղափոխություն իրականացնելու ունակ ուժեր, Փաշինյանը կվերարտադրվի։ Ընտրությունները հեղափոխության վերածելը նույնպես տարբերակ է, բայց Փաշինյանը կվերարտադրվի միայն ընտրությունների միջոցով»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով, եթե իշխանությունները մտահոգված լինեին ընտրություններից առաջ ընդդիմության հնարավոր համախմբմամբ, նրանք չէին խոսի դրա մասին կամ չէին բացահայտի իրենց խաղաքարտերը, այլ կաշխատեին Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության միջոցով։ «Իսկ տվյալ դեպքում ամեն ինչ ցույց է տալիս, որ դա նրանց առանձնապես չի մտահոգում։

Անկախ Հայաստանի պատմության մեջ բոլոր կառավարությունները ձևավորվել են ոչ թե հարցումների տվյալների, այլ պարզապես թվեր հորինելու հիման վրա։ Ինչո՞ւ են նախկինները կարծում, որ եթե նրանք թվեր էին նկարում, Նիկոլ Փաշինյանը կցուցաբերի ավելի բարձր բարոյական հատկանիշներ և թիվ չի նկարի։ Միամտություն է ենթադրելը, որ իշխանությունը կորցնելու սպառնալիքի դեպքոմ Նիկոլ Փաշինյանը թվեր չի նկարիի։ Գոնե մի դեպք եղե՞լ է, երբ նա ինչ-որ բան է ասել, իսկ հետո չի արել հակառակը։ Հետևաբար, միամտություն է մտածելը, որ այս հարցում նա իր խոսքի տերը կլինի»,- նշել է Կիվիրյանը։

Նա բացատրել է, որ իշխանությունները կարող են առավելություն ստանալ վարչական ռեսուրսների միջոցով, որոնք միշտ ձայներ են ապահովում իշխող կուսակցությանը։ «Եթե նա այս ռեսուրսն օգտագործում է հիմա պատարագի ժամանակ, ապա ինչո՞ւ չի կարող այն օգտագործել ընտրությունների ժամանակ։ Եվ նա արբանյակներն օգտագործում է որպես վերջին միջոց, քանի որ այս փուլում նրանց հետ հնարավոր համագործակցության մասին խոսելը թուլության նշան կլինի»,- հավելել է փորձագետը։

Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ցանկացած գնով ավելի շատ ձայներ հավաքել, քան 2021 թվականին, որպեսզի կարողանա հայտարարել, որ վայելում է հայ հասարակության լիակատար աջակցությունը՝ կապված Արցախի, Ադրբեջանի և Թուրքիայի հարցում իր քաղաքականության հետ։