Բավական է մեկ անգամ լինել Լեռնային Ղարաբաղում` հասկանալու այն մտքի աբսուրդայնությունը, թե Լեռնային Ղարաբաղը կարող է հրաժարվել իր անկախությունից: Այդ մասին հայտարարել է Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նա հայտնել է, որ որպես դիտորդ մասնակցել է ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին եւ տպավորված է ղարաբաղյան հասարակության ժողովրդավարության մակարդակով: Այդ համատեքստում Միկլոշկոն ափսոսանք է հայտնել, որ ԵՄ-ն չի համաձայնվել այդ կարծիքի հետ եւ չի ընդունել ԼՂՀ ընտրությունները:
Լեռնային Ղարաբաղը համեմատելով ժամանակի Արեւմտյան Բեռլինի հետ, Միկլոշկոն ընդգծել է, թե միջազգային կազմակերպությունները պարտավոր են օգնել ԼՂՀ-ին: Ընդ որում, Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի` Եմ-ին անդամակցելու բանակցությունները պետք է սկսվեն միաժամանակ, բայց դրա համար հարկավոր է ժողովրդավարական դարձնել Ադրբեջանը: «Պարադոքսալ է, որ քրիստոնեական Եվրոպան մոռացել է քրիստոնեական հիմունքները: Այդ իմաստով Լեռնային Ղարաբաղը ձեռնոց է նետում Եվրոպային»,- նշել է Միկլոշկոն:




























