Պետության հարկադրական լիազորությունների օգտագործումը եկեղեցիների և այլ կրոնական համայնքների ներքին գործերին միջամտելու համար հակասում է դավանանքի ազատության ամերիկյան ավանդույթին: Այս մասին Կապիտոլիումում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության ((Christian Solidarity International, CSI) ղեկավար Ջոն Այբները:
«CSI-ն Թրամփի վարչակազմին ուժ և համոզմունք ցուցաբերելու կոչ է անում՝ պաշտպանելով Հայ Առաքելական Եկեղեցին հալածանքներից»,- ասել է նա:
2025 թվականի մայիսից ի վեր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը: Վերջին ինը ամիսների ընթացքում, ինչպես նշել է Այբները, «մեկ տասնյակից ավելի ականավոր հոգևորականներ... բանտարկվել են, հայտնվել տնային կալանքի տակ կամ մեղադրվել են տարբեր անհիմն մեղադրանքներով»:
Այբների խորին համոզմամբ՝ Հայ Առաքելական Եկեղեցու հալածանքներն ավելի լայն նախագծի մի մասն են՝ ուղղված Հայաստանի քրիստոնեական ինքնությունը թուլացնելուն և այն իր հզոր մահմեդական հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի գերիշխանությանը ենթարկելուն: Ընդ որում, վերջինս Հայաստանի հանդեպ հավակնություն ունի՝ այն համարելով «Արևմտյան Ադրբեջան»:
Եթե այս նախագիծը անվերահսկելիորեն շարունակվի, ասել է Այբները, «լիովին հնարավոր է, որ մեկ սերնդի ընթացքում հայ քրիստոնյաները Հայաստանում հայտնվեն փոքրամասնության կարգավիճակում՝ զրկված քաղաքական ինքնավարությունից և հիմնականում ապրելով Երևանի հայկական թաղամասում, նման այն բանին, ինչ այսօր տեղի է ունենում Հալեպում կամ Երուսաղեմում»։
Այբները ճեպազրույցի ժամանակ պատմել է, որ փետրվարի սկզբին ինքը կարողացել է այցելել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին Երևանի բանտում՝ շնորհիվ «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նվիրված, անհատույց աշխատող փաստաբանների գերազանց թիմի»։
Նա հայտարարել է, որ կարողացել է բանտարկված արքեպիսկոպոսի նամակը փոխանցել փոխնախագահ Ջեյմս Դեյիվդ Վենսին՝ Վենսի փետրվարին Հայաստան կատարած այցից առաջ։
Ցավոք, նշել է Այբները, Վենսն իր այցն օգտագործեց Փաշինյանի նախընտրական քարոզարշավին աջակցելու համար։ Մի քանի օր անց Հայաստանի իշխանությունները կաթողիկոսին մեղադրանք առաջադրեցին։
«Գիտակցաբար, թե անգիտակցաբար, Վենսի այցը փաստացի կանաչ լույս վառեց Հայ Առաքելական Եկեղեցու շարունակական հալածանքների համար»։
ԱՄՆ դիվանագիտական կորպուսի երկարամյա անդամ և ներկայում Մերձավոր Արևելքի լրատվամիջոցների հետազոտությունների ինստիտուտի փոխնախագահ, դեսպան Ալբերտո Ֆերնանդեսը նշել է, որ վարչապետ Փաշինյանի՝ եկեղեցու նկատմամբ վերահսկողությունը զավթելու փորձը հիշեցնում է այն, թե ինչպես են «Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ավտորիտար ռեժիմները վերաբերվում կրոնական հաստատություններին»։
Մինչ Փաշինյանը ձգտում է իր կառավարությունը ներկայացնել որպես արևմտամետ, «նրանք չեն կարող նստել երկու աթոռին,- ասել է Ֆերնանդեսը։ -Նրանք ցանկանում են լինել լիբերալ Արևմուտքի մաս և ընդօրինակել Էրդողանի և Ասադի ռեժիմների կրոնական նորմերը»։
«Պետությունները, որոնք օգտագործում են կառավարության հարկադրական ուժը՝ մեկ արտաքին կազմակերպությանն իրենց կամքին ենթարկելու համար, անխուսափելիորեն նույն հարկադրական ուժը կօգտագործեն նաև մյուսների դեմ,- զգուշացրել է Ֆերնանդեսը։ -Ես չգիտեմ որևէ իրավիճակ, երբ կրոնական կազմակերպություններին հետապնդող ռեժիմը բաց և հանդուրժող լինի քննադատության նկատմամբ։ Կրոնի, խոսքի և խղճի ազատությունը անբաժանելիորեն կապված են»։
ԵՄ կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով նախկին հատուկ բանագնաց Յան Ֆիգելը պատմել է, որ «իր կյանքի կեսն ապրել է կոմունիզմի օրոք»։ «Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, հենց այն է, ինչ տեսանք Չեխոսլովակիայի կոմունիստական ճնշումների ժամանակ ազատ մարդկանց և ազատ եկեղեցիների դեմ»,- ասել է նա՝ մի շարք զուգահեռներ անցկացնելով երկու դեպքերում էլ օգտագործված մարտավարության միջև։
«Հայաստանն աշխարհի ամենահին քրիստոնեական ազգն է,- հիշեցրել է Ֆիգելը։ -Հայ Առաքելական Եկեղեցու դերը կարևոր էր այս ազգի գոյատևման համար։ Եթե նրանք կորցնեն Եկեղեցին, կկորցնեն ամեն ինչ»։





























