Բելառուսի Ազգային ժողովի պատվիրակությունը փետրվարի 14-ին խորհրդարանում հանդիպումներ է ունեցել եվրոպական կառույցներում հայկական խորհրդարանական ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին մասնակցել է նաեւ Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:
Հայաստանի ԱԺ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին քննարկել են Արեւելյան գործընկերության շրջանակներում եւ հատկապես խորհրդարանական ձեւաչափում համագործակցության հնարավորությունը: Վեհաժողովում հայկական պատվիրակության ողջ կազմը, Վահան Հովհաննիսյանի ներկայացմամբ, պաշտպանում է Արեւելյան բոլոր 6 երկրների լիարժեք ներկայացվածությունը «Եվրանեսթում»: Այս սկզբունքից ելնելով` հայ խորհրդարանականները դեմ են արտահայտվել հակաբելառուսական բանաձեւի ընդունմանը` երկրորդ լիագումար նիստում ներկայացված փաստաթղթին դեմ քվեարկելով: Բանախոսը տեղեկացրել է կառույցի առաջիկա աշխատանքների մասին` նշելով, որ մեկ շաբաթից Երեւանում կկայանա «Եվրանեսթի» սոցիալական, կրթամշակութային եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի արտագնա նիստը:
Պրն. Գումինսկին, ի դեմս հայկական պատվիրակության ղեկավարի, շնորհակալություն է հայտնել Հայաստանին սկզբունքային ու կառուցողական դիրքորոշման համար` բնորոշելով այն նաեւ բարեկամական: Ներկայացուցիչների պալատի փոխնախագահն ափսոսանք հայտնեց Բելառուսի նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտների կապակցությամբ` նշելով, որ իր երկիրը պատրաստ է Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցելու եւ առաջարկներով հանդես գալու` հավասար գործընկերային հիմունքներով: Նա նշել է, որ տնտեսական համագործակցությունը ԵՄ երկների հետ խիստ ակտիվ է, խնդիրները զուտ քաղաքական բնույթի են:
Զրուցակիցները, ի թիվս Հայաստանի եւ Բելառուսի միջեւ միջազգային կառույցներում փոխգործակցության խնդիրների, անդրադարձել են նաեւ քաղաքական, տնտեսական, ռազմական ու հասարակական համագործակցությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ երկու խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հրայր Կարապետյանը:




























