Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը շաբաթ օրը հայտարարել է, որ իր երկիրը հրաժարվում է ներքաշվել պատերազմի մեջ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելն ու Միացյալ Նահանգները հարվածներ են հասցրել Իրանին։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։
Երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ «Հեզբոլլահ» շարժումը կարող է ներքաշվել հակամարտության մեջ, ինչի պատճառ կարող է դառնալ այն, որ շաբաթ օրը ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծության են ենթարկել Իրանը, իսկ Թեհրանը պատասխանել է հրթիռային հարվածներով։
Գործողության մեկնարկից կարճ ժամանակ առաջ Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորում է «Հեզբոլլահի» Լիբանանի հարավում գտնվող ենթակառուցվածքները։
«Կրկնում եմ՝ մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը երկիրը ներքաշի մի արկածախնդրության մեջ, որը կսպառնա նրա անվտանգությանն ու միասնությանը»,— հայտարարել է Սալամը X հեռուստաալիքի եթերում: — «Տարածաշրջանում տեղի ունեցող լուրջ իրադարձությունների լույսի ներքո ես ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր լիբանանցիներին գործել խոհեմությամբ ու հայրենասիրությամբ և Լիբանանի ու լիբանանցի ժողովրդի շահերը վեր դասել ցանկացած այլ նկատառումից»։
Լիբանանի պետական ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ շաբաթ օրվա հարվածները ուղղված են եղել լեռնային շրջաններին, որտեղ «Հեզբոլլահը» պահպանում է իր ուժեղ ներկայությունը: Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը ընդգծել է, որ «Արտաքին հակամարտությունների արհավիրքից ու սարսափներից Լիբանանի ազատագրումը և նրա ինքնիշխանության, անվտանգության և կայունության պահպանումը բացարձակ առաջնահերթություն են»:





























