ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել է Մերձավոր Արեւելքում ռազմական սրացումը, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ ուժի կիրառումը, ինչպես նաեւ Իրանի հետագա պատասխան գործողությունները տարածաշրջանում: Այսօր այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ մամուլի ծառայությունը:

Գուտերիշի խոսքով՝ այս զարգացումները խաթարում են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը:

Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ բոլոր պետությունները պարտավոր են պահպանել միջազգային իրավունքը, այդ թվում՝ ՄԱԿ կանոնադրությունը, որը հստակորեն արգելում է «ուժի սպառնալիքը կամ կիրառումը ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ»:

Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ թուլացնել լարվածությունը՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում կա ավելի լայն տարածաշրջանային հակամարտության ռիսկ՝ քաղաքացիական բնակչության եւ կայունության համար ծանր հետեւանքներով:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը նաեւ կոչ է արել բոլոր կողմերին անհապաղ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

«Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման կենսունակ այլընտրանք չկա՝ միջազգային իրավունքին եւ ՄԱԿ կանոնադրությանը լիովին համապատասխան», - ընդգծել է նա: