ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումն Իրանի հարցում անխոհեմ է. Սպիտակ տան ղեկավարը չի կարողացել հանրությանը հստակ բացատրել ռազմական գործողության նպատակները և ստանալ թե՛ ներքին, թե՛ միջազգային աջակցություն, իր սյունակում նման կարծիք է հայտնել The New York Times (NYT) թերթի խմբագրակազմը։
«Թրամփի մոտեցումն Իրանի հարցում անխոհեմ է, դրա նպատակները՝ մշուշոտ։ Նա չի կարողացել ստանալ միջազգային և ներքին այն աջակցությունը, որն անհրաժեշտ է հաջողության հասնելու հնարավորությունները մեծացնելու համար։ Ռազմական գործողություններ իրականացնելիս նա անտեսել է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային իրավունքը», - ասված է նյութում։
Պարբերականը հիշեցնում է, որ 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավարն ընտրողներին խոստացել էր ավարտել պատերազմները, այլ ոչ թե սկսել դրանք։ «Փոխարենը վերջին մեկ տարվա ընթացքում նա յոթ երկրի հարվածելու հրաման է տվել։ Ռազմական ներխուժումների նրա ախորժակը բացվում է ուտելիս», - գրում է NYT-ն։
Ըստ թերթի, Սպիտակ տան տիրոջ՝ նման հարձակման ռազմավարություն ձևակերպելու անկարողությունը «անորոշության ցնցող մակարդակ» է առաջացրել։ Թեև հարվածների հետևանքով սպանվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, սակայն «անհայտ է մնում, թե ինչ կհաջորդի դրան»։
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ նախագահը «ոչ մի պատկերացում չի տվել», թե ինչու Իրանում իշխանափոխությունն ավելի լավ արդյունք կունենա, քան 21-րդ դարի սկզբին Իրաքում և Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձությունները։ «Այդ պատերազմների հետևանքով կառավարություններ տապալվեցին, սակայն հասկանալի պատճառներով ամերիկյան հանրությանը զայրացնում էին անորոշ ժամկետներով և ոչ հստակ ազգային շահերով ռազմական գործողությունները»։ «Ցավում ենք, որ Թրամփը պատերազմին չի վերաբերվում որպես լուրջ հարցի», - եզրափակել է պարբերականի խմբագրակազմը։