Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքի բնակիչ Սամվել Խաչատրյանն իր կնոջ եւ 3 մանկահասակ երեխաների հետ ապրում է սոցիալապես ծանր պայմաններում։

Սամվելը NEWS.am–ին պատմել է, որ նախկինում պայմանագրային զինծառայող է եղել, սակայն, առողջական խնդիրներից ելնելով դուրս է եկել բանակից։

«Վարձով ենք ապրում, փոքրս նոր է ծնվել, գոնե տուն ունենանք, մնացածը կաշխատեմ, ես իմ երեխաներին կպահեմ։ Աչքերս վիրահատել եմ, առաջիկայում նորից պիտի գնամ վիրահատության»,– պատմել է նա։

Կինը՝ Կիմա Թորոսյանն էլ պատմել է, որ տանը տարրական կենցաղային պայմանները բացակայում են. «Ալյուրը հարևանից եմ բերել, որ հաց թխեմ։ Բաղնիք չունենք, տուալետը դրսում է, մեկին լողացնում եմ, ասում եմ՝ գնա սենյակ, հետո մյուսին, քանի վառարանը վառված է, ջուր եմ տաքացնում։ 21-րդ տարն է, ես լվացք եմ անում ձեռքով, երեք երեխաների մայրիկ եմ, հնարավորություն չունենք մի մեքենա գնալ։ Մեկն ունեցել ենք, բայց փչացել է ու հիմա ձեռքով եմ անում, գոնե էդ հարցով որ օգնեն շատ շնորհակալ կլինենք»։

Ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել՝ Սամվել Խաչատրյան 094 851811