Այս ամենի մեջ հատկապես առանձնանում է Մինաբի օրիորդաց դպրոցի վրա հարձակումը, ինչի արդյունքում 153 աղջիկ աշակերտներ զոհվեցին, և սա մի անջնջելի և շատ ամոթալի, ոչ մի արդարացում չունեցող հետք է պատմության մեջ: Այս մասին՝ այսօր՝ մարտի 2–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Այս երեխաները անմեղ հրեշտակների պես ենթարկվեցին նմանօրինակ արդարացում չունեցող հարձակման, և մեր ամբողջ ժողովուրդը այս պահին զգում է այս դառը իրադարձության վիշտը։ Այս պահի դրությամբ ավելի քան 170 հոգի, որոնց թվում են թե աշակերտներ, թե նաև ուսուցիչներ, է զոհվել։ Ավելի քան 555 հոգի այս ագրեսիայի առաջին օրվանից սկսած մինչև այժմ այժմ զոհվել են այս հարձակման հետևանքով։

Մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ ցանկացած ռազմաբազա, որը  կօգտագործվի այս հարձակման ժամանակ մեր դեմ, լինեն դրանք թե՛ ճանաչողական բնույթի, թե՛ ռադարների, կդառնան թիրախ մեր հակահարվածի։ Այս ագրեսիայի առաջին իսկ օրերից սկսած արդեն Իրանը պատասխան հակահարվածներ է հասցրել։

Այս գործողությունները իհարկե ուղղվել են դեպի ամերիկյան այն ռազմաբազաները, որոնք որպես թիկունք, նաև տեխնիկական տեսանկյունից աջակցել են այս ռազմական ագրեսիային։ Մենք սա չենք համարում մեր հարևանների դեմ գործողություններ, այս քայլերն ուղղված էին մեր հարևան երկրներում տեղակայված ամերիկյան բազաներին և այն հնարավորություններին, որոնք օգտագործվում էին ամերիկյան կողմից Իրանի դեմ։ Այս ագրեսիայի շրջանակներում Իրանը ունի լեգիտիմ իրավունք համապատասխան պատասխան քայլեր ձեռնարկելու։ Մենք իրապես չգիտենք, թե այս ագրեսիան ինչքան կտևի, սակայն Իրանը և Իրանի ժողովուրդը պատրաստ են իրացնել իրենց օրինական պաշտպանության իրավունքը, որը նրանց տրվել է ՄԱԿ-ի 51-րդ կոնվենցիայի շրջանակներում։ Այն երևակայական տեսլականը, որը ստեղծվել էր սոցիալական ցանցերում այն մասին, որ եթե Ամերիկան և Իսրայելը հարձակվեն Իրանի վրա, ապա Իրանի ժողովուրդը կընդվզի իր իշխանության և կառավարության դեմ և կտապալի իշխանությունը, իրապես պարզվեց, որ միայն ցնորք էին և միֆ։ Այսօր Թրամփը քնից զարթնեց և հասկացավ, որ դրանք իրականում ոչ այլ ինչ էին, քան միֆ։

Իրանը 7000 տարվա քաղաքակրթություն ունեցող պետություն է և այս ամբողջ պատմության ընթացքում բազմիցս ենթարկվել է օտարների հարձակմանը, սակայն մշտապես ապացուցել է, որ նմանօրինակ ցանկացած հարձակման պարագայում իր արյան և իր կյանքի գնով պատրաստ է մինչև վերջ պաշտպանել իր հայրենիքը։ Վերջին ագրեսիայի պարագայում ևս մենք տեսնում ենք, որ այս գաղափարը լիովին գործում է»,– հայտարարեց դեսպանը։