Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները վտանգ չեն ներկայացնում TRIPP նախագծի համար։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Շատ ցավում ենք այն զոհերի համար, որոնք լինում են և հույս ունենք, որ իրադարձությունները հնարավորինս կարճ կտևեն, որովհետև դա անմիջականորեն մեր հարևանի հետ է տեղի ունենում, ինչը չի կարող մեզ չանհանգստացնել։ Միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ դա շատ մեծ աշխարհաքաղաքական հարց է, թերևս, ամենամեծ պատերազմներից մեկն է, որը, փառք Աստծո, մեզ հետ որևէ ձևով կապ չունի, և հույս ունենք, որ Հայաստանի շահերին դա որևիցե ձևով չի դիպչի», - ասել է Սիմոնյանը

Ազգային ժողովի նախագահը միևնույն ժամանակ չափազանց հաճելի հանգամանք է համարում այն, որ պատերազմի ֆոնին Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են «միասին գտնել խաղաղության ուրվագծերը»։

Այս իրադարձությունների համատեքստում խոսելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Երևանին անհրաժեշտ է չներքաշվել այդ ամենի մեջ։ «Անհրաժեշտ է զերծ պահել Հայաստանի Հանրապետությունը ցանկացած գործընթացից, որը կարող է հարվածի տակ դնել խաղաղության գործընթացը»,- համոզված է Սիմոնյանը: