ՔՊ-ականները քաղաքական մտածելակերպից բավականին հեռու են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, ՔՊ–ից հեռացված Հակոբ Ասլանյանը։

Մեզ հետ զրույցում պատգամավորը նա անդրադարձել է առաջիկայում սպասվող ընտրություններին։ Նա ասել է, որ ինքն ու Հովիկ Աղազարյանը աշխատելու են դառնալ ընդդիմադիր ճակատի մի մասը.

«Շատ քիչ հավանական է, որ մենք միայնակ գնանք ընտրություններին, որովհետև մենք ինքներս կոչ ենք անում միասնության, եթե կոչ ենք անում միասնության ուրեմն առաջին հերթին ինքներս պետք է օրինակ ցույց տանք։ Այնպես որ առաջիկայում կան որոշակի ուժեր, որոնց հետ մենք լրջորեն բանակցում ենք, վաղը չէ մյուս օրը, երբ ասուլիս տանք, հստակ անունները կասենք, թե մոտավորապես որ կուսակցությունների հետ ենք բանակցություններ վարել։

Հայտարարել ենք դեռևս տարի ու կես առաջ, երբ մեզ դուրս էին շպրտել ՔՊ-ից, որ մենք հեղափոխական արժեքներից չենք հեռանալու և փառք Աստծո մինչև հիմա չենք հեռացել»։

Հարցին՝ արդյո՞ք այդպիսով իրենք «ձայների փոշիացմամբ» չեն զբաղվի, Ասլանյանը պատասխանել է.

«Ոչ, մենք ոչ թե ձայների փոշիացմամբ, այլ ձայների փոշիացման դեմ հզոր պայքար ենք տանում։ Մենք որ գնանք, մի ցուցակով ենք գնալու, ոչ թե դաշինքով։ Փոխադարձ համաձայնությամբ պետք է լինի։ Այսօր մեր բոլորի առջև մի խնդիր կա՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնել, թույլ չտալ»։

Հարցին՝ կստացվի՞ դա, Հակոբ Ասլանյանը վստահեցրել է՝ այո, իսկ հարցին՝ ինչպե՞ս, պատգամավորն ասել է. «Հենց այդպես, կարծես թե ձևավորվում է ընդհանուր ճակատը. մի քանի խմբավորումների կոչ եմ անում մեկ ցուցակով հանդես գալ»։

Հարցին, թե բոլո՞րը պետք է մտնեն մեկ ցուցակի մեջ, պատգամավորն ասել է. «Այդ խմբի մեկ ցուցակի մեջ մի հինգ-վեց կուսակցություն են, իրենք չգրանցվեն որպես դաշինք։ Առաջարկում ենք, որ այնպիսի համաձայնագիր կնքեն, որպեսզի իշխանության եկած ճակատը ընդամենը մի չորս երեք-չորս ամսվա ընթացքում նոր կառավարությունը ստեղծի այնպիսի իրավիճակ և հնարավորություն չունենա այդ «վերմակը քաշել» իր վրա և այդ պայմաններում գնալ նոր իրական ընտրության»։

Դիտարկմանը, որ իշխանությունը վստահ է միանձնյա իշխանությունը ձևավորելու մեջ և հարցին՝ արդյո՞ք այդ ինքնավստահությունը կարող է ունենալ «Քաղաքացիական պայմանագիրը», Ասլանյանն ասել է՝ ոչ.

«Եթե ինքը վստահ լիներ, դրա մասին չէր խոսի։ Իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց երգը երգված է, որովհետև եթե դուք մի բանում վստահ եք, դուք դրա մասին չեք խոսում, ուղղակի անում եք, իսկ եթե դրա մասին խոսում եք, ուրեմն խոսում եք, որ նախ ինքներդ ձեզ, ինչպես ասում են, դուխ տաք, և մյուսներին էլ փորձեք որոշակի թյուրիմացության մեջ գցել։ Չի ստացվելու, մեր ժողովուրդը այս անգամ չի խաբվելու նրա մանիպուլյացիաներին, չի խաբվելու այն 8 տարվա ստին։

Ես որ այսպես խոսում եմ էլի որոշ զոմբիներ, կսկսեն ինձ ասել բա դուք ներսում էիք, ինչի՞ չէիք խոսում և այլն, այ սիրելիներս, վերջապես դուք պետք է հասկանաք, երբ կուսակցության ներսում ես, կանոնակարգին ենթարկվելով, իրավունք չունես խոսելու, ես մի անգամ ընդամենը խոսեցի ու ինձ դուրս գցեցին»։

Հարցին՝ ինքը կարծում է, թե ներսում ՔՊ-ականներից շատերն էլ ցանկանում խոսել, սակայն կաշկանդված՞, Ասլանյանը պատասխանել է. «Միանշանակ։ Պատմությունը ցույց է տվել, որ եթե իշխանությունը գտնվում է մեկ մարդու ձեռքին, այդ իշխանությունը այլասերվում է, գնում է ավտորիտարիզմի սկզբունքներով, հետո դա վերածում է տոտալիտարիզմի. պատմությունն է դա ասում, դա պարոն Ասլանյանը չի ասում»։

Այն հարցին, թե իր կարծիքով ՔՊ-ականներից շատե՞րն են ներսում գիտակցում, որ իրավիճակը վատ է՞, պատգամավորը ասել է. «Ոչ, ՔՊ-ականները քաղաքական մտածելակերպից բավականին հեռու են։ Այնտեղ մարդիկ կան, որ երևի իրենց ամբողջ կյանքում որևէ մի քաղաքական գործչի կենսագրություն չեն կարդացել։ Իրենք թրաշամանուկներ էին, որ եկան մանկապարտեզից, եկան դպրոց, դպրոցից եկան համալսարան, համալսարանից դարձան պատգամավոր կամ նախարար. առանց կենսագրության, առանց որևէ պետական համակարգին ծանոթանալու։

Կոմունիստների ժամանակահատվածում, դ ինքս եղել եմ այլախոհ, դեմ եմ խոսել սովետին։ Այն ժամանակ մի հետաքրքիր լավ բան կար, մարդը մինչև ինչպես իրենք էին ասում՝ «շկոլա» չանցներ. այդպես չէր, որ գիշերը քներ ուսանող, առավոտյան դառնար պատգամավոր, կամ գիշերը քներ որպես լրագրող, առավոտյան դառնար վարչապետ։ Կառավարման համակարգը պահանջում է շատ լուրջ մոտեցում»։