Մեր չվերթը կիրակի օրը Air Arabia–ով պետք է լիներ, բայց հազիվ կարողացանք այսօր տոմս ճարել։ Այս մասին այսօր՝ մարտի 5–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց Դուբայ–Երևան չվերթով Երևան ժամանած ուղևորներից մեկը։
«Ամենացավալին այն է, որ այս պետությունը իր քաղաքացիներին չի տարհանում, այլ շատ թանկ տոմսերով, Օմանով առաջարկում էր հետ վերադառնալ։ Դա, իհարկե, շատ տխուր փաստ է։ Օմանով տոմսի արժեքը արդեն դարձել էր մոտավորապես 1500 դոլար, իսկ այսպես «ֆլայ Դուբայ»–ով մոտավորապես 210 հազար դրամ նստեց ամեն տոմսը»,–ասաց նա։
Ուղևորը, որ չցանկացավ ներկայանալ նաև պատմեց, որ իրենք երկնքում տեսել են հրթիռները և անգամ նկարել են. «Գիշերները պայթյունների, հրթիռների ձայներ էին գալիս, բայց ընդհանուր քաղաքը հանգիստ էր ավելի»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱՄԷ-ի օդային տարածքի փակվելուց հետո Դուբայից Երևան առաջին չվերթը այսօր վաղ առավոտյան վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Թռիչքը տևել է 6 ժամ 5 րոպե՝ նախկին 3 ժամի փոխարեն։
Երևան–Դուբայ չվերթը, որ պետք է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեր ժամը 3.10–ին, մի քանի անգամ հետաձգվելուց հետո վայրէջք է կատարել լուսադեմին՝ ժամը 5.37–ին։
Ուղևորները հրաժարվում էին տեսախցիկի առջև խոսել, սակայն NEWS.am–ի թղթակցին պատմում էին, որ անելանելի վիճակում են հայտնվել, քանի որ ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել իրենց տարհանելու հետ կապված, միայն այս չվերթն է կազմակերպվել, իսկ բոլոր ծախսերը մնացել են իրենց վրա։
Ի տարբերություն Մասկատ–Երևան չվերթի, որի տոմսի արժեքը անցնում էր հազար դոլարից, այս դեպքում Դուբայ–Երևան չվերթի համար իրենք վճարել են 210 հազար դրամ մեկ տոմսի համար։
Նշենք, որ այսօր ևս երկու չվերթ էր լինելու Դուբայից Երևան, որոնցից մեկը մի քանի ժամով հետաձգվել է, իսկ մյուսն ընդհանրապես չեղարկվել է։











