Այո, ՀՀ–ում իրավապահների գործունեության և Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումների ներկայացումը հաճախ պատճառահետևանքային կապի մեջ են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը կարող է ուղիղ եթեր մտնել, եթե հեռախոս չունի, հեռախոս կարող են տալ։
«Սամվել Կարապետյանի գործը դասական իմաստով հենց քաղաքական հետապնդում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 17-ին հրապարակային ներկայացրեց հաշվեհարդարի համապատասխան ռեպրեսիաների խոստումները և դրանք ժամերի ընթացքում ի կատար ածվեցին։ Հետևաբար, արդյոք քննչականը և դատախազությունը, որպես ելակետ ընդունելու է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ոչ, փակված եմ կարծելու, որ իհարկե պետք է ելակետը ընդունեն։
Ըստ քրեական դատավարության օրենսգրքի, անձի կողմից, ում նկատմամբ կա կիրառված խափանման միջոց, եթե նրա պարտավորությունների, սահմանափակումների պահպանման խնդիր է առաջանում, դրա գնահատողը քննիչն է և դատախազը։
Արդյո՞ք որպես փաստարկ դատարանում երբ ներկայացնենք Նիկոլ Փաշինյանի հրապարակային ներկայացրած հայտարարությունը, այն կլինի բավարար թե ոչ. իրավական տեսանկյունից՝ ոչ, քաղաքական հետապնդման տեսանկյունից պետք է իրականում մեծ նշանակություն ունենա։
Այս ընթացքում դուք տեսե՞լ եք մի հայտարարություն դատախազության և քննչական կոմիտեի կողմից, որ Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձով հանդես գալ, թե ոչ։ Մենք դեռ դրա վերաբերյալ մեկ հայտարարություն չենք տեսել, ոչ քննչականից, ոչ դատախազությունից։ Իսկ կարո՞ղ է այս անգամ իրենք հրապարակավ որոշեն չհամաձայնվել Նիկոլ Փաշինյանի հետ և բարձրացնել, օրինակ, խափանման միջոցի փոփոխման հարցը։
Ես չեմ զլացել, նաև պրոբացիայի ծառայությանն եմ դիմել. Ես պարզապես հարցրել եմ՝ եթե տեսաուղերձ տեղադրվի, դուք դա կհամարե՞ք հիմք խափանման միջոցի փոփոխության միջնորդություն ներկայացնելու համար, թե ոչ։ Ստացել եմ պատասխան, որ դատական ակտի պարզաբանման լիազորությամբ օժտված չի քննչական մարմինը։
Ես դեռ չեմ ստացել պատասխան պրոբացիայի ծառայությունից»։
Վարդևանյանը պատմեց, որ վերջին տարիներին եղել է մի դեպք, երբ տնային կալանքի ներքո գտնվող անձը Facebook–ում տեղադրել է տեսանյութ, որից հետո նրա տնային կալանքը փոխարինվել է կալանքով։
«Այստեղ 2 ճանապարհ ունենք. Կամ հայտարարեն, որ տեսաուղերձի տեղադրումը որևէ իրավական հետևանք չի առաջացնում, կամ դադարեցրեք քաղաքական հետապնդումը, ունեցեք այդ խիզախությունը»,–ասաց նա։





























