Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել իր արդյունաբերական գոտում գտնվող օբյեկտներից մեկը, որտեղ գտնվում է նավթավերամշակման գործարանը։

«Մաամիրի մեկ օբյեկտ թիրախավորվել է, և համապատասխան մարմինները զբաղվում են միջադեպով»,- ասված է Բահրեյնի Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ականատեսներից մեկը Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է, որ  տարածքից ծուխ բարձրացող ծուխ է տեսել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։