Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը վստահեցնում է, որ տեղեկություն չունի ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական նոր ներխուժման մասին։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Միասնության թևեր» նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանն ասել էր, որ 2025 թվականի օգոստոսին ադրբեջանական նոր ներխուժումներ են եղել Ջերմուկի և Վարդենիսի հատվածներում, և Հայաստանի իշխանությունները թաքցրել են դա հանրությունից։ Թաթոյանն իր այս հայտարարությունները փաստող արբանյակային լուսանկարներ էր հրապարակել։ Նրա հրապարակած լուսանկարներում երևում էին նշված հատվածներում տեղակայված ադրբեջանական նոր դիրքերը։

Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել է․

«Ես նման տեղեկություն չունեմ, չգիտեմ՝ Արման Թաթոյանն ինչ է ասել, բայց մեզ մոտ հանգիստ, նորմալ․․․։ Սեպտեմբերյան ագրեսիայից հետո մինչև այսօր խաղաղ, հանգիստ, նորմալ վիճակ է, մնացած ոչնչի մասին տեղեկություն չունեմ։ Բացի այդ, իրավասու էլ չեմ նման բաների մասին խոսել։ ՊՆ–ին կարող եք դիմել։ 

Հարցին՝ ամրաշինական աշխատանքնե՞ր էլ չեն իրականացվել, շարժ չի՞ նկատվել սահմանի երկայնքով, Խաչատրյանը պատասխանեց․ «Եթե նման բան լիներ, ես որպես համայնքի ղեկավար գոնե մի անգամ կտեսնեի կամ կլսեի։ Առաջին անգամ ձեզնից լսեցի»։

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանն այս թեմայով հրավիրված հրատապ ասուլիսում նշել էր, որ ադրբեջանցիները Վարդենիսում մարտական հերթապահություն կրող դիրքեր, հրաձգային, ինչպես նաև ականանետային ու խոշոր տրամաչափի այլ զենքերի համար կետեր են տեղակայել, կոմունիկացիաներ են ստեղծել, ուղիղ թիրախի տակ է հայտնվել Սոթքի հանքավայրը, Վարդենիս համայնքի գյուղեր, անգամ արևային պանելներ են տեղակայել, օպերատիվ մարտավարական ու ռազմավարական (ռոկադային) ճանապարհներ են կառուցել, թաքստոցներ (կոպանիրներ), որոնց միջոցով անգամ կարող են մեր տարածքի խորքերը ներթափանցել։

Թաթոյանը նշել էր, որ Ջերմուկի հատվածում նույնպես ականանետերի համար նախատեսված ադրբեջանական նոր դիրքեր են հայտնվել։

Ջերմուկի փոխքաղաքապետ Արթուր Սահակյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց․

«Ներխուժում չկա ընդհանրապես։ Վերջին անգամ եղել է 2022 թվականին, դրանից հետո անգամ մի մետր պետական սահման չեն հատել։ Իրենց տարածքում գուցե ամրաշինական աշխատանքներ անեն, բայց առաջ գալ և մեր տարածքում աշխատանքներ անել, նման բան չի եղել։ Կարող եք ՊՆ–ին դիմել, եթե այլ հարցեր ունեք»։

Հիշեցնենք, որ իր ասուլիսում Թաթոյանը նշել էր, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել ադրբեջանական ներխուժումների մասին, սակայն թաքցրել են դա հանրությունից։

«Հիմա ես հարց եմ տալիս՝ խաղաղության պատրաստվող երկիրը՝ Ադրբեջանը, խաղաղության պայմանագրի նախաստորագրումից առաջ ինչո՞ւ է այսպիսի հրատապ աշխատանքներ իրականացնում, եթե այլ նպատակ չունի։ Իշխանության հայտարարած սահմանազատումը կեղծիք է, որ իբր թե հանձնաժողովի ասելով պետք է ադրբեջանական զինված ուժերը դուրս գան այս տեղակայումներից` այն էլ, երբ այսքան ամրանում են։ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քայքայում է մեր երկրի անվտանգությունը: Վերցրեք ձեր սրտիկներն ու պաչիկները և հեռացեք, որ գան մարդիկ, որոնք կարող են հարցեր լուծել և գիտեն` ինչպես լուծել»,–ասել էր Արման Թաթոյանը։