Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի իրականացմանը կմասնակցի «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերությունը:

Այդ մասին փետրվարի 15-ին Երեւանում կայացած ճեպազրույցում ասաց «ՌԵՈւ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նոր գլխավոր տնօրենին ներկայացնելու ժամանակ:

Անդրադառնալով Իրան-Հայաստան  երկաթուղու կառուցման նախագծին` նա նշեց, որ ՌԵՈւ-ն Իրանի գործընկերների հետ արդյունավետ է համագործակցում: «Դա կարող է լինել կարեւոր միջպետական նախագիծ: Եթե դա լինի, «ՌԵՈւ»-ի երկաթուղայինները կմասնակցեն դրան»,-ասաց Յակունինը:

Պատասխանելով NEWS.am-ի` նախագծի վերաբերյալ  բանկային տեխնիկակատնտեսական հիմնավորման կազմման ժամկետների մասին հարցին` տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայտարարեց, որ  ներկայումս բանակցություններ են վարվում  նախագծի պոտենցիալ մասնակիցների հետ, ուստի ժամկետները, ինչպես եւ ներդրումային առաջարկություններն առայժմ չեն հրապարակվում:

Հիշեցնենք, որ նախագծի քննարկման համար 2009թ. փետրվարին որոշում էր ընդունվել աշխատանքային խումբ ստեղծելու մասին` Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի տրանսպորտի փոխնախարարների մասնակցությամբ:

Բացի այդ, կառավարության որոշմամբ ստեղծվել էր «Երկաթուղու շինարարության տնօրինություն», որը պետք է կառավարեր շինարարության գործընթացը: Այդ ժամանակ Ասիական զարգացման բանկը խոստացել էր 1 մլն դոլար հատկացնել մրցույթի անցկացման եւ տեխնիկատնտեսական հիմնավորման համար:

Մասնագետների գնահատմամբ` երկաթուղու կառուցումը կարող է մոտ 5 տարի տեւել, նախագծի արժեքը կարող է կազմել 1,5-2 մլրդ դոլար: