Իսրայելի նախագահը հայտնել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ներման հարցն այժմ չի դիտարկվում Իրանի հետ պատերազմի ֆոնին։ Այս մասին Իցհակ Հերցոգն ասել է Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների ժամանակ դատավարությունները գործնականում կասեցվում են, ուստի վարչապետին ներելու հարցը ներկայում անտեղի է։ Հերցոգը նշել է, որ Նեթանյահուն կենտրոնացած է պատերազմ վարելու վրա։ Նախագահը նաեւ ավելացրել է, որ կարող է քննարկել նրան ներելու հնարավորությունը, բայց օրենքով պետք է սպասի համապատասխան մարմինների պաշտոնական որոշմանը։

Ավելի վաղ՝ 2025թ․ հունիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել դադարեցնել Նեթանյահուի դեմ դատավարությունը՝ դա անվանելով «արդարադատության ծաղր»։ Այդ տարվա հոկտեմբերին, ելույթ ունենալով Կնեսետում, նա առաջարկել էր Հերցոգին ներում շնորհել Իսրայելի վարչապետին։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ Թրամփը պաշտոնական նամակ է ուղարկել Իսրայելի նախագահին այդ նախաձեռնությամբ, իսկ նոյեմբերին Նեթանյահուն՝ իր փաստաբանի միջոցով, ներման խնդրանք է ներկայացրել։

Իսրայելի վարչապետը մեղադրվում է կոռուպցիայի երեք գործով։