Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի արդեն ութերորդ օրն է, որը լարվածության մեջ է պահում թե՛ տարածաշրջանը, թե՛ ամբողջ աշխարհը և լուրջ տնտեսական հետևանքներ է ունենում այլ տարածաշրջանների բնակիչների համար։

Новости Армении – NEWS.am-ը ներկայացնում է Մերձավոր Արևելքի իրավիճակի հիմնական իրադարձությունները կիրակի առավոտյան։

• Իրանի զինված ուժերն Ադրբեջանից պահանջել են երկրի տարածքից դուրս բերել իսրայելցի զինծառայողներին։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության զինված ուժերի կենտրոնական շտաբի՝ «Խաթամ ալ-Անբիա»-ի, ներկայացուցիչը։

«Մենք հայտարարում ենք հարևան Ադրբեջանին, որպես մահմեդական երկրի, որ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու համար անհրաժեշտ է դուրս բերել սիոնիստներին իր տարածքից և չդնել վտանգի տակ սեփական ժողովրդի և Իրանի անվտանգությունը», – նրա խոսքն է փոխանցել Իրանի պետական ռադիոհեռուստաընկերությունը։

• Իրանը խնդիրներ չունի Ադրբեջանի հետ, սակայն եթե «այնտեղից ինչ-որ բան հասնի», Թեհրանը պատասխան քայլեր կձեռնարկի, հայտարարել է իսլամական հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նա նաև հայտնել է, որ մի քանի ամերիկացի զինծառայողներ գերի են ընկել։

• ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով, Իրանի հարավում աղջիկների տարրական դպրոցում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը կարող է կրել հենց Թեհրանը։ Վերջին տվյալներով, Մինաբի դպրոցում հարվածների հետևանքով զոհվել է 165 մարդ՝ հիմնականում աշակերտուհիներ, ինչպես նաև ծնողներ ու ուսուցիչներ։ Եվս 95 մարդ վիրավորվել է։ ԱՄՆ նախագահի կարծիքով, ներկայիս պատերազմի ավարտից հետո «Իրանի քարտեզը, հավանաբար, այլ տեսք կունենա»։

• Դոնալդ Թրամփը ևս մեկ կարևոր հայտարարություն է արել․ նա ասել է, որ դեմ է քրդերի մասնակցությանը Իրանի դեմ պատերազմին, քանի որ Վաշինգտոնը չի ցանկանում, որ հակամարտությունը «ավելի բարդանա»։