Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում՝ հետագա էսկալացիան կանխելու և հակամարտության տարածումից խուսափելու համար։ Այս մասին մարտի 8-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, հայտնում է CCTV-ն։

«Չինաստանը որդեգրել է օբյեկտիվ և անկողմնակալ մոտեցում ու արդեն բազմիցս հայտնել է իր սկզբունքային դիրքորոշումը, որը կարելի է ամփոփել մեկ առանցքային ուղերձով՝ հրադադար և մարտական գործողությունների դադարեցում։ Չինական հնագույն իմաստնությունը նախազգուշացնում է, որ զենքը չարագուշակ գործիք է, և այն չպետք է անմիտ օգտագործել։ Տեսնելով, թե ինչպես է Մերձավոր Արևելքը համակված պատերազմի հրով՝ ցանկանում եմ ասել, որ այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր, և այն ոչ մեկին օգուտ չի բերում։ Մերձավոր Արևելքի պատմությունն աշխարհին բազմիցս ցույց է տալիս, որ զենքի ուժը խնդիրների լուծում չէ, իսկ մարտական գործողությունները նոր ատելություն են ծնում և կարող են միայն սրել առանց այդ էլ լարված իրավիճակը։ Չինաստանը կրկին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հետագա էսկալացիան կանխելու և հակամարտության տարածումից խուսափելու համար»,- նշել է Չինաստանի դիվանագիտության ղեկավարը։

Այնուհետև Վան Ին ներկայացրել է Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հինգ սկզբունքները.

«Չինական կողմը կարծում է, որ Իրանին և Մերձավոր Արևելքին առնչվող հարցերի ճիշտ և պատշաճ լուծման համար անհրաժեշտ է հավատարիմ մնալ մի քանի հիմնարար սկզբունքների։

Առաջին՝ հարգանք պետական ինքնիշխանության նկատմամբ։ Ինքնիշխանությունը ներկայիս միջազգային կարգի հիմնաքարն է։ Մենք կարծում ենք, որ Իրանի և Պարսից ծոցի բոլոր երկրների ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն և չխախտվեն։

Երկրորդ՝ զերծ մնալ ուժի չարաշահումից։ Հզոր բռունցքը չի նշանակում ծանրակշիռ փաստարկների առկայություն։ Աշխարհը չի կարող վերադառնալ ջունգլիների օրենքին։ Ցանկացած առիթով ուժի կիրառումը չի ապացուցում սեփական հզորությունը։ Մարդիկ չպետք է դառնան պատերազմի անմեղ զոհեր։

Երրորդ՝ չմիջամտել այլ երկրների ներքին գործերին։ Մերձավոր Արևելքի ժողովուրդներն այս տարածաշրջանի իսկական տերերն են, և Մերձավոր Արևելքի գործերը պետք է լուծեն հենց տարածաշրջանի երկրները։ «Գունավոր հեղափոխությունների» հրահրումն ու իշխանափոխությունները ժողովրդի կողմից աջակցություն չեն ստանում։

Չորրորդ՝ աջակցություն սուր հարցերի քաղաքական կարգավորմանը։ Չինաստանը մշտապես պնդում է, որ խաղաղությունն ամենաթանկն է։ Բոլոր կողմերը պետք է հնարավորինս շուտ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, տարաձայնությունները լուծեն իրավահավասար երկխոսության միջոցով և ջանքեր գործադրեն ընդհանուր անվտանգության ապահովման համար։

Հինգերորդ՝ մեծ պետությունները պետք է կառուցողական դեր խաղան և իրենց ուժն օգտագործեն բարի նպատակներով։ Չինական մի հին խրատ կա. մարդասիրության և արդարության բացակայության դեպքում հարձակումը վերածվում է պաշտպանության։ Մեծ երկրները պետք է գործեն արդարության ու ճշմարտացիության ոգով և ավելի շատ դրական էներգիա հաղորդեն Մերձավոր Արևելքի խաղաղությանն ու զարգացմանը»։

«Որպես Մերձավոր Արևելքի երկրների անկեղծ բարեկամ և ռազմավարական գործընկեր՝ Չինաստանը պատրաստ է նրանց հետ համատեղ աշխատել Գլոբալ անվտանգության նախաձեռնության իրականացման ուղղությամբ, որպեսզի վերականգնվի կարգուկանոնը Մերձավոր Արևելքում, ժողովրդին վերադարձվի անդորրը, իսկ աշխարհին՝ խաղաղությունը»,- եզրափակել է Չինաստանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 14-րդ գումարման 4-րդ նստաշրջանը տեղի է ունենում Պեկինում՝ մարտի 5-ից 12-ը։