Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հայտնել է, որ այսօր առավոտյան «Հեզբոլլահ» շարժման հարձակման հետևանքով Լիբանանի հարավում սպանվել է ՑԱՀԱԼ-ի երկու զինվոր, տեղեկացնում է Times of Israel-ը։

Զոհվածներից մեկը 38-ամյա սերժանտ էր, իսկ մյուսի անունը դեռ չի հրապարակվել։

ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Լիբանանի հարավում գտնվող բանակային դիրքի մոտ՝ իսրայելական Մանարա սահմանամերձ համայնքի դիմաց։

Նախնական քննության տվյալներով՝ միջադեպը սկսվել է այն ժամանակ, երբ «Պումա» զրահափոխադրիչը խրվել է այդ տարածքում իրականացվող գործողությունների ընթացքում։ ՑԱՀԱԼ-ը փորձել է այն դուրս բերել՝ ուղարկելով ևս մեկ «Պումա» զրահափոխադրիչ և երկու զրահապատ D9 բուլդոզեր։

Քննության տվյալներով, D9 բուլդոզերներից մեկը հարվածի է ենթարկվել, հավանաբար հակատանկային հրթիռով կամ ականանետային արկով, ինչի հետևանքով բռնկվել է հրդեհ, որից էլ զոհվել են երկու զինծառայողները։

Մեկ այլ սպա միջադեպի հետևանքով ստացել է թեթև վնասվածքներ։