Ռուսական նավթի արտահանման դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների մասնակի չեղարկման թեման ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցի ընթացքում մանրամասնորեն չի քննարկվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է TASS-ը։
«Ո՛չ, որևէ կերպ այդ թեման մանրամասնորեն չի արծարծվել», - ասել է Պեսկովը։
Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «համաշխարհային տնտեսության համար դրա հետևանքները քաջ հայտնի են թե՛ Թրամփին, թե՛ Պուտինին»։ «Իհարկե, այն գործողությունները, որոնք ձեռնարկվում էին Միացյալ Նահանգների կողմից՝ նկատի ունեմ նավթի հետ կապված սահմանափակումները, կապված են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակի ֆոնին համաշխարհային էներգակիրների շուկաներում իրավիճակը կայունացնելու փորձերի հետ», - հավելել է Պեսկովը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կչեղարկի այլ երկրների նավթային ոլորտի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը և, հնարավոր է, դրանք չվերականգնի։ Նրա խոսքով՝ դա արվում է գները նվազեցնելու նպատակով։
Իր հերթին, օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌՈՒՆՀ (Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը տեղեկացրել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկումներ են վարում ռուսական նավթի դեմ պատժամիջոցների հնարավոր մեղմացման շուրջ։





























