Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Մեթին Թոքելը հայտարարել է, որ Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը վշտացնում է։

Ըստ Armiya.az-ի՝ նա նման հայտարարությունն արել է Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր դեսպան Ջեյհուն Ջալիլովի հետ հանդիպման ժամանակ։

Թոքելն ընդգծել է փոխադարձ այցելությունների կարևորությունը ռազմավարական դաշինքի վրա հիմնված ռազմական համագործակցության հետագա ընդլայնման համար։ Նա նշել է, որ ադրբեջանական բանակը մշտապես զարգանում է, ինչը գոհունակություն է հարուցում եղբայրական Թուրքիայում։

Ջալիլովը նշել է, որ Նախիջևանի միջազգային օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Նախիջևանի և Բաքվի միջև չվերթները ժամանակավորապես դադարեցվել են։ Ըստ նրա՝ Բաքվից դեպի թուրքական Իգդիր քաղաք մարտի 5-9-ը չվերթների կազմակերպումը՝ Նախիջևանի և երկրի հիմնական մասի միջև ուղևորների տեղափոխումն ապահովելու համար, Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների հստակ դրսևորում էր։