Պետության տարածքային ամբողջականության սկզբունքի եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջեւ արհեստականորեն հակասություններ են մտցվում, նույնիսկ փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից:  Այդ մասին ասել է Հայաստանի սահմանադրական դատարանի խորհրդական, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը` Ստեփանակերտում «ԼՂՀ Անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին: Նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղի դեպքում որեւէ հակասություն գոյություն չունի:

Գեւորգ Դանիելյանի խոսքով, տարածքային ամբողջականության սկզբունքն անհրաժեշտ պայման է, եւ հայկական կողմը միշտ պետք է շեշտի այն: Նա հիշեցրեց, որ նախագահների վերջին հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ շատերը դա գնահատել էին որպես դիրքերից հրաժարում: Մինչդեռ, ըստ Դանիելյանի, տարածքային ամբողջականոթյան սկզբունքի շեշտումը պարտադիր է:

«Տարածքային ամբողջականության սկզբունքով մենք արդեն Լեռնային Ղարաբաղը ճանաչել ենք որպես Հայաստանի մաս: Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքները, եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավական լուծումներով անկախություն է հռչակել»,- նշեց իրավագիտության դոկտորը:

Նա նաեւ ասաց, որ թե Կոսովոն, թե Աբխազիան ղարաբաղյան հակամարտության համար լիակատար նախադեպեր լինել չեն կարող, որովհետեւ միջազգային հանրությունն անգամ չի ընդունել Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունը: