Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մոտեցումների փիլիսոփայությունը վերանայման կարիք ունի: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանը` հանդես գալով ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված Ստեփանակերտում ընթացող Միջազգային գիտական կոնֆերանսի շրջանակներում:

Ամփոփելով հակամարտության կարգավորման հարցում 2011-ի արդյունքները եւ նշելով բարձրագույն մակարդակով կայացած մի շարք հանդիպումները` Մասիս Մայիլյանը ընդգծել է միջնորդ կազմակերպությունում` ԵԱՀԿ Մինսկի խմբում, ճգնաժամի առկայությունը: «Ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացի համար միջնորդները պետք է հաշվի առնեն նոր նախադեպերը եւ նոր իրականությունը»,-ընդգծել է Մասիս Մայիլյանը` հավելելով, որ եթե Մինսկի խումբը չանի դա, ապա պետք է զիջի իր տեղը:

Նրա խոսքով, առաջիկա երկու տարիների ընթացքում բանակցային գործընթացը կմղվի ետին պլան` կապված միջնորդ երկրներում, ինչպես նաեւ Հայաստանում, ԼՂՀ-ում եւ Ադրբեջանում կայանալիք ընտրությունների հետ: «Բայց փորձը ցույց է տալիս, որ խնդիրը ընտրությունների մեջ չէ, այլ կազմակերպությունում առկա ճգնաժամի»,-պարզաբանել է Մայիլյանը: Նա նաեւ շեշտել է, որ պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացմանը, որովհետեւ քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչում ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, տարածաշրջանում խաղաղության պահպանումը շարունակում է մնալ տարածաշրջանում թիվ մեկ խնդիրը: Նրա խոսքով, պետք է զուգահեռաբար աշխատանքներ տանել ԼՂՀ ճանաչման ուղղությամբ: