Արցախի` որպես պետության, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգը մշտապես առկա արտաքին քաղաքական գործոն է: Այդ մասին ասել է ԵՊՀ Պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը Ստեփանակերտում «ԼՂՀ Անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին:

«Հետեւաբար, Արցախի հանրության եւ պետության առջեւ կանգնած գլխավոր խնդիրը երկրի պաշտպանությունն է, նրա պաշտպանունակության մշտական ամրապնդումը: Սովորական պայմաններում, ցանկացած պետություն իրականացնում է երկրի պաշտպանության գործառույթ: Սակայն ԼՂՀ արտասովոր պայմանները եւ նրա առջեւ կանգնած խնդիրը, մինչեւ անկախության եւ տարածքային ամբողջականության միջազգային իրավական երաշխիքների ստեղծումը, հրամայաբար թելադրում են պետական շինարարության հայեցակարգում կատարել էական վերադասավորում` չբավարարելով սովորական պաշտպանական գործառույթի իրականացմամբ»,- նշել է նա:

Իրավաբանի խոսքով, կոնկրետ պետության առանձնահատուկ պայմանները եւ նրան սպառնացող լրացուցիչ վտանգները բարձրացնում են նոր մարտահրավերներ, որոնց իմաստավորումը գիտության առաջնահերթ խնդիրներից է:

«Հաշվի առնելով հայկական երկու պետությունների արդի առանձնահատկությունները եւ աշխարհաքաղաքական կացությունը, մենք առաջարկում ենք կատարել տեսական վերադասավորում ու Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների պետական ապարատի կազմակերպման եւ գործունեության սկզբունք ճանաչել պաշտպանունակությունը»,- նշել է նա:

«Անկախությունը վիճակ է, եւ պետությունը պետք է ունակ լինի ապրել այդ վիճակում»,- արձագանքելով ելույթին՝ նկատեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, իսկ Արթուր Վաղարշյանի պատկերավոր խոսքով, ցանկացած իրավիճակ կարող է անակնկալներ մատուցել, եւ «Խրիմյան Հայրիկի օրը չընկնելու համար պետք  կոփել շերեփը»:

Նշենք, որ Ստեփանակերտում ընթացող միջազգային գիտաժողովի տեղեկատվական գործընկերը NEWS.am գործակալությունն է: