Ադրբեջանի հանրապետությունը փակել է իր սահմանն Իրանից եկող բեռնատար ավտոմեքենաների համար: Փետրվարի 17-ին իրանական 60 բեռնատար ավտոմեքենաներ մնացել են Ալաթ սահմանամերձ ավանում:
Այդ մասին հաղորդում է իրանական «Առաննյուզ» կայքը` վկայակոչելով իր աղբյուրները: «Ադրբեջանը պատճառաբանում է, որ բեռնատարները չեն համապատասխանում չափանիշներին: Բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ են թույլ տվել, որ դրանք մտնեն Ադրբեջան, իսկ հիմա էլ թույլ չեն տալիս, որ վերադառնան Իրան»,-գրում է կայքը` կրկին անգամ շեշտելով, որ Ադրբեջանի այդ քայլը պայմանավորված է նրա հակաիրանական ու իսրայելամետ քաղաքականությամբ:
Հարկ է նշել, որ ադրբեջանական մամուլը եւս հրապարակումներ է արել սահմանին գրանցված միջադեպի վերաբերյալ: Այսպես, «Բիզիմյոլ» թերթը նշում է, որ արդեն մի քանի օր է սահմանին իրադրությունը բավականին լարված է: Թերթը նշում է, որ իրանական կողմը եւս խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական բեռնատար ավտոմեքենաների համար: Ադրբեջանցի վարորդները հայտնում են, որ մաքսատան աշխատակիցները սկսել են մանրազնին ստուգում անցկացնել` պայմանավորելով դա Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առկա դիվանագիտական լարվածության աճով: Վարորդներից մեկը նույնիսկ նշել է. «Կարծես թե երկու կողմերի միջեւ չհայտարարված պատերազմ է ընթանում»,-մեջբերում է «Բիզիմյոլը»:
Նշենք, որ վերջին շրջանում իրանա-ադրբեջանական հարաբերություններում լուրջ հակասություններ են առաջացել: Խնդիրն առկա էր դեռ հիջաբների հետ կապված խնդրի ժամանակ, սակայն Իրանի շուրջ աճող լարվածության պայմաններում այն հետագա եւ ավելի խորքային զարգացումներ է ստանում: Ադրբեջանցի փորձագետները եւս նշում են, որ Ադրբեջանը գնալով ավելի բացահայտ է խոսում Իրանի դեմ: Այդ առումով հատկանշական է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչների` Ադրբեջանը Հյուսիսային Ադրբեջան վերանվանելու առաջարկը:
Նրանք արձանագրում են նաեւ, որ Ադրբեջանը դարձել է Իրանի դեմ իրականացվող իսրայելական հետախուզության կենտրոն, որը մեծապես անհանգստացնում է Թեհրանին:



























