ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հերթական սուր ակնարկն է արել Ռուսաստանի հասցեին, սակայն միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ռուսական փորձն ընդունելու վերաբերյալ:
Մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում նախարարը, պատասխանելով հիբրիդային սպառնալիքների և ԵՄ պատվիրակության այցի մասին հարցին, նախ անհրաժեշտ է համարել պարզաբանել, թե ինչ են իրենցից ներկայացնում հիբրիդային հարձակումները: Ըստ նրա՝ դա առաջին հերթին ապատեղեկատվությունն է:
«Դուք անվանում եք երկիրը (ՌԴ)։ Կարո՞ղ է թելերի մի մասը տանել դեպի այդ երկիր։ Այո՛, կարող է»,- հայտարարել է Միրզոյանը։ Որպես հիբրիդային հարձակումների անմիջական կատարողներ՝ նա մատնանշել է ՀՀ ինքնիշխանության դեմ հանդես եկող պատգամավորներին, տարբեր պաշտոնյաների և փորձագետների։
Միրզոյանը նշել է, որ հիբրիդային հարձակումները բավականին անծանոթ երևույթ են ՀՀ-ի համար։ Սակայն կա այլոց փորձը (այդ թվում՝ ԵՄ-ի) և այդ փորձից պետք է օգտվել։ «Կան շրջանակներ, որոնք վատ են զգում «ԵՄ» բառից։ Հենց լսում են՝ ծնկները դողում են։ Վստահ եմ, որ եթե Մադագասկարից պատվիրակություն գար, ամեն ինչ կարգին կլիներ»,- կարծում է նախարարը։ Նա հիշեցրել է, որ ՀՀ-ն ինքն է օգնություն խնդրել ԵՄ-ից։ «Եթե ՌԴ-ն ունի սեփական փորձը և պատրաստ է կիսվել դրանով, մենք դեմ չենք»,- եզրափակել է Միրզոյանը։











