Այն պնդումը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անամպ է, մեծ չափազանցություն է։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս հակամարտությունը տևել է տասնամյակներ։ Արյուն է թափվել։ Այնպես որ, այդ վերքերը դեռ թարմ են»,- խոստովանել է Միրզոյանը։ Նրա խոսքով՝ մինչ օրս կան անձինք, որոնք պահվում են ադրբեջանական կողմում։ Լուծված չեն նաև բազմաթիվ հումանիտար հարցեր, ներառյալ անհետ կորածների ճակատագրերի պարզումը։
Այնուամենայնիվ, ԱԳ նախարարի գնահատմամբ՝ երկու հասարակությունների ներկայացուցիչների, ինչպես նաև երկու երկրների իշխանությունների հայտարարություններում աստիճանաբար կարելի է նկատել ագրեսիայի և թշնամանքի մակարդակի նվազում։ Բայց, նրա խոստովանությամբ, այդ ուղին շարունակում է մնալ բավականին բարդ, սակայն դրանով առաջ շարժվելն անհրաժեշտ է, ընդ որում՝ համառորեն։
Միրզոյանը հույս է հայտնել, որ մի օր վերջնական, այդ թվում՝ հոգեբանական հաշտեցում տեղի կունենա երկու ժողովուրդների միջև։





























