Իսրայելի ռազմաօդային ուժերը օդային հարվածներ են հասցրել Լիբանանի մայրաքաղաքի հարավարևելյան մասում գտնվող Բշամուն արվարձանին, ինչի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը։

«Թիրախում եղել է բնակելի շենքերից մեկը․ բացի երկու զոհերից, կա նաև հինգ վիրավոր։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ուստի տուժածների թիվը կարող է աճել»,- նշված է հայտարարության մեջ։

Վաղ առավոտյան իսրայելական ավիացիան գրոհել է Բեյրութի հարավային արվարձանի յոթ շրջանները։ Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ բազմահարկ շենքեր են ավերվել Բիր Աբեդ, Բուրջ էլ-Բարաջնա, Քաֆաաթ, Ռուվեյս, Սեն-Թերեզ, Հադաս և Հարեթ Հորեյք թաղամասերում։ Մինչ ռմբակոծությունը սկսելը Իսրայելի բանակը նախապես զգուշացրել էր բնակիչներին՝ հորդորելով լքել վտանգավոր գոտիները։