Ես ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականին շատ մեծ մեղադրանքներ կար ինձ, որ ես հրապարակային վտանգների մասին չեմ զգուշացրել հանրությանը, ես այդ մեղադրանքից և սխալից արել եմ հետևություններ։ Այս մասին, այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ընդդիմությունը իրեն մեղադրում է, որ ինքը ժողովրդին սպառնում է պատերազմով, եթե ՔՊ–ն այս ընտրություններում չհաղթի։
«Երկրորդը մենք ասում ենք շատ պարզ բան, այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետևյալը, Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե» չի շարունակվում։ Այսօր «Քաղաքացիական պայմանագիրը», մենք միակ քաղաքական ուժն ենք, որ որոշել ենք, որ չենք շարունակում ղարաբաղյան շարժումը որպես քաղաքական մեծամասնություն։ Մյուս բոլոր ուժերը ասում են, որ իրենք շարունակելու են Ղարաբաղյան շարժումը։ Եվ ժողովուրդը էդ պետք է որոշի։
Եթե որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, դա նշանակում է պատերազմ, որովհետև Ղարաբաղյան շարժումը պատերազմ է։ Եթե որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում։ Սա շատ պարզ ընտրություն է, և մենք պետք է մարդկանց հետ խոսենք»,–ասաց նա։
Անդրադառնալով Անկախության հռչակագրին, Փաշինյանն ասաց. «Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է որովհետև եթե դու դնում ես քո բոլոր հարևանների հետ կոնֆլիկտի տրամաբանություն քո անկախության հռչակագրի հիմքում, սրանով դու անհնար ես դարձնում քո միջավայրում առանց արտաքին օգնության ապրելը և ում օգնությամբ պիտի այդ միջավայրում ապրես, գնալով ավելի ու ավելի կախված ես դառնում դրանից, ով ուզում է լինի։ Սա շատ պարզ տրամաբանություն է։
Մենք բոլորս ծագել ենք, սերել ենք Ղարաբաղյան շարժումից որպես քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, բայց եթե մենք չենք առերեսվելու, չենք փոխվելու, ուրեմն չի փոխվելու նաև մեր պատմական ճակատագիրը։
Այսօր էլ նոր բան ենք գցել բերանները՝ երաշխավոր։ Մենք երաշխավոր արդեն ունեցել ենք։ Եկեք գնանք 1850-ականներ՝ Սան Ստեֆանոյի պայմանագիր, այն ժամանակվա երաշխավորներով, գերտերություններով, բարենորոգում ծրագրով, հետո Բեռլինի կոնֆերանս։ Մենք չենք հասկանում, որ մեզ հետ տեղի ունեցած պատմական բոլոր դժբախտությունների պատճառն այն է, որ մենք թույլ ենք տվել անընդհատ մեզ օգտագործեն ուրիշների դեմ՝ դրա անունը դնելով երաշխավոր»,–ասաց նա։











