Նիկոլ Փաշինյանը ֆոբիա ունի 18 տարեկան երեխեքի հանդեպ, ու սա դրա հերթական ապացույցն է, որ այս երկու երեխաների ճակատագիրը խեղվում է իր քմահաճույքի համար։ Այս մասին, այսօր՝ մարտի 31–ին, ՔԿ Երևանի քննչական վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Որդիների կանչ» ՀԿ նախագահ, զոհվածի այրի Արուս Հարությունյանը՝ անդրադառնալով մարտի 29–ին, ՍուրԱննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։։
«Այսինքն, եկեղեցին լիքն է, դու հրելով մտնում ես ներս, երեխեքը կանգնած են հանգիստ, դու հրում ես, քո ախրանիկները հրահրում են միջադեպ։ Երբ ինքը դուրս է գալիս քարոզարշավի, իր ախոռը տանում է, լցում է առաջը, այդ օրը հանգիստ, առանց միջադեպի անցնում է, բայց երբ չկանխատեսված դուրս է գալիս, անպայման մի հատ միջադեպ լինում է։ Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է, որ ժողովուրդը քեզ ատում է, Նիկոլ, ռադդ քաշի, գնա»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո 3 անձ է ձերբակալվել։
Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
Այս պահին 3 անձ ձերբակալվել է: Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնել էչ, որ ձերբակալված զույգ եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),
Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և
Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։











