Փաշինյանը Պուտինին ասում է՝ առաջինը դուք ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի կազմում. ինչու պետք է մեր վերաբերմունքը արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պայմանավորվի ինչ-որ երրորդ երկրի վերաբերմունքով։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 2–ին, ապրիլյան քառօրյա պատերազմի 10–րդ տարելիցի օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստաան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

« Բա դա  անկախ պետության ղեկավարի խոսո՞ւյթ էր, դե լավ, որ դու ասեցիր Արցախն Ադրբեջան է, դե մենք էլ դա ընդունեցինք, վաղն էլ որ ասեն Հայաստանը միութենական պետություն պետք է մտնի, ի՞նչ պետք է ասի։ Պետք է ասի՝ դե լավ, որ դուք ասում եք, ուրեմն վե՞րջ, ուրեմն այդպես պետք է լինի՞։ եթե դեռ սովետական Հայաստանը այդ տրամաբանությամբ առաջնորդվեր, 88 թվականից Արցախյան շարժումը կկանգներ, որովհետև այդ ժամանակ էլ Գարբաչովն էր ասում, որ Սովետական Հանրապետությունների սահմանները չպետք է փոխվեն։ Մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք, անկախ նրանից, թե երրորդ երկրները, այլ պետությունները ինչ վերաբերմունք ունեն այդ հարցի վերաբերյալ։ Դա է անկախ պետություն լինելը, այլ ոչ թե ասել՝ տեսեք մի հատ ճանապարհ է անցնելու և դա մեր անկախությունն է»,–ասաց նա։

Խաչատրյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր ձախողումների, պարտությունները վերագրում է ուրիշներին՝ նախկիններին, երրորդ երկրներին, համաշխարհային կոնյունկտուրային և այլն. «Ակնհայտ է, որ ինքը Հայաստանի Հանրապետության միակ ղեկավարն է եղել, ով ճանաչել է Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ։ Բոլոր փաստաթղթերն էին ցույց տալիս, որ համաշխարհային կոնսենսուս առ այն, որ Արցախյան հակամարտությունը պիտի կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, սին են։ Նույն Մինսկի խմբի համանախագահներ ներկայացրած փաստաթղթերում հստակ նշվում էր այն մեխանիզմը, որով պետք է որոշվեր Արցախի վերջնական իրավական կարգավիճակը, պետք է որոշվեր ժողովրդական քվեարկության միջոցով, որը պետք է ունենար պարտադիր ուժ, որի օրակարգը որևէ բանով սահմանափակված չէր լինելու և որին մասնակցելու էր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, բնակչությունը նույն համամասնություններով, ինչ որ կար մինչև հակամարտության սկիզբը, այսինքն 75/25 համամասնությամբ։

Այսինքն Փաշինյանը պարտություն կրելով, ոչ միայն այդ պարտության մեղքը ուրիշներին է վերագրում, այլ նաև անամոթաբար աղճատում է պատմական իրականությունը, բանակցային ողջ գործընթացը»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։