«Զանգեզուրի միջանցքի» բացմամբ ուղիղ ցամաքային կապ կհաստատվի Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև, ինչն էլ հնարավորություն կտա անդադար տրանսպորտային կապ ապահովել Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

«Այս պայմաններում մեր երկրի համար ուղիղ ավտոմոբիլային կապ կստեղծվի թյուրքական հանրապետությունների հետ։ Սրան զուգահեռ՝ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումն էապես կնպաստի տարածաշրջանային առևտրի ու ներդրումների արագացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև կօգնի հասնել տարածաշրջանի երկրների հետ մեր առևտրաշրջանառության թիրախային ցուցանիշներին։

Մյուս կողմից, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, բացի թյուրքական աշխարհի և մնացած երկրների միջև առևտրի վրա ունեցած դրական ազդեցությունից, կնպաստի նաև մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այն նաև հնարավորություն կտա, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններն ավելի առողջ հունով զարգանան, իսկ առևտրի միավորող ուժի շնորհիվ կխորանա տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն ու ինտեգրումը։ Սա իր հերթին, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, կնպաստի Հարավային Կովկասի տնտեսական զարգացմանն ու կայունության ամրապնդմանը», - նշել է Յըլմազը։