Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երկու ամսով կալանավորված Դավիթ Մինասյանը դասընկերներն ու նրանց ծնողները հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։ Նրանք ընթերցեցին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված դիմումը, որտեղ ասվում է.
«Մենք՝ Դավիթի ուսուցիչներս, ծնողներս, դասընկերներս և պարզապես քաղաքացիներս, դիմում ենք ձեզ մեծ ցավով և անհանգստությամբ։ Ծաղկազարդի տոնին, սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է և այս պահին նա գտնվում է հիվանդանոցում։
Նրա կյանքը և առողջությունը իրական վտանգի մեջ են և բժիշկների մշտական հսկողության կարիքն ունեն։ Այս իրավիճակում նրա նկատմամբ կիրառված կալանքը մարդկային տեսանկյունից դառնում է ծայրահեղ ծանր և անհամաչափ միջոց։ Մենք հավատում ենք, որ այսպիսի հանգամանքներում առաջնայինը պետք է լինի մարդու կյանքի և առողջության պաշտպանությունը։
Դավիթ Մինասյանը բարեխիղճ, կիրթ, պատասխանատու աշակերտ է, որը մշտապես աչքի է ընկել իր դրական վարքով, կրթության նկատմամբ լրջությամբ և շրջապատի հանդեպ հարգանքով։ Նրա նկատմամբ խափանման միջոցը մեծ անհանգստություն է առաջացրել ինչպես դպրոցական համայնքում, այնպես էլ հասարակության լայն շրջանակներում։ Մենք համոզված ենք, որ Դավիթ Մինասյանը հանրային վտանգ չի կարող ներկայացնել և արժանի է արդար ու մարդասիրական վերաբերմունքի։ Խնդրում ենք վերանայել նրա նկատմամբ կիրառված կալանքի խափանման միջոցը և նպաստել նրա ազատ արձակմանը՝ հաշվի առնելով նրա ծանր առողջական վիճակը և ապահովելով արդարության և իրավականության սկզբունքների պահպանումը։
Վստահ ենք, որ ձեր կողմից կընդունվի արդար և մարդասիրական որոշում, քանի որ արդարադատությունը պետք է առաջնորդվի ոչ միայն օրենքի տառով, այլև խղճի մտոք։
Հարգանքներով՝ Դավիթի ուսուցիչներ, ծնողներ, դասընկերներ, հասարակության ներկայացուցիչներ»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է, Նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։
Կալանավորումից հետո Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունը վատացել է, գիտակցության կորուստ է ունեցել, որից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյանի» ԲԿ, ապա «Նաիրի» ԲԿ։
ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում
Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),
Միքայել Մինասյանի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և
Գևորգ Գևորգյանի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։











