Մենք ապրում ենք շատ ունիկալ երկրում, Հայաստանը այն երկիրն է, որտեղ ընդդիմադիր առաջնորդը կալանքի տակ է, որտեղ ընդդիմադիր առաջնորդին թույլ չի տրվում անգամ տեսաուղերձով դիմել իր ժողովրդին։ Այս մասին իր «լայվում» նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, հայտարարել է. ««Երեկվանից մենք սպասում ենք դատախազության պատասխանին և դեռ չունենք գրավոր պատասխան, որ Սամվել Կարապետյանը իրավունք ունի ուղերձով դիմել իր ժողովրդին, չնայած Փաշինյանը ամբողջ օրը, գիշեր ու զոր եթերներում է։

Անգամ դրանից հետո էլ վստահ չլինելով իր հաղթանակի վրա, վստահ լինելով, որ փոփոխություններ են կարծես գալիս, Փաշինյանը երեկ նոր տարբերակ է մտածել, թե ինչպես սահմանափակի մեր ուժը, ժողովրդի փոփոխության ուժը։ Մտածել է, որ քվեաթերթիկից հանվի Սամվել Կարապետյանի անունը, որ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը այսուհետ կոչվի «Ուժեղ Հայաստան» դաշինք։

Սամվել Կարապետյանի խոսքից վախենում է, անունից վախենում է, նկարների դեմ պայքարում է, բայց անգամ դրանից հետո տեսնում է, որ փոփոխություններ ցանկացող մարդկանց թիվը աճում է, որ մարդիկ տեսնում են, թե շատ երկրներ ինչպես են զարգանում և տեսնում են, որ մենք նույն թմբիրի մեջ ենք։

Սիրելի հայրենակիցներ, ինչ էլ անեն, մենք գիտենք, որ սա մեր երկրի նշաձողը չի։ Սա այն չի, ինչ մենք ուզում ենք մեզ համար ու մեր ապագայի համար։ Մեզ բարձր նշաձողով երկիր է պետք, զարգացած, լուրջ երկիր է պետք։ Հայերը պատրաստ չեն, որ ունենան այսպես չարքաշ, խեղճ երկիր, նրանք փոփոխություն են ուզում։ Ինչ էլ սահմանափակեն, փոփոխությունը գալու է և գալու է բոլորովս, որովհետև այդ փոփոխությունը ուզում է հայ ժողովուրդը, որի պատասխանատվությունը մենք բոլորս վերցրել ենք մեր վրա։

Ամեն ինչի մեջով կանցնենք, բայց կապահովենք հայ ժողովրդի նվիրական ցանկությունը, փոփոխությունները և ուժեղ երկրում ապրելու իրավունքը»։