Ռուսաստանը ցանկանում է Հայաստանից ռացիոնալ, ոչ թշնամական քաղաքականություն։ «Մեծ քաղաքականություն» փոդքասթի չորրորդ թողարկման ժամանակ դրա մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ Ռուսաստանը ցանկանում է փոխադարձ հարգանք Հայաստանի շահերի և կանխատեսելի հարաբերությունների նկատմամբ և պատրաստ է նույնկերպ պատասխանել։ Նախկին նախագահը շեշտել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձեր չեն եղել։
«Եվ մենք շահել ենք այդ հարաբերություններից։ Միջին հաշվով, մենք 10 տարվա ընթացքում գազը գնել ենք 60 դոլարով, մի քանի անգամ ավելի էժան, քան մյուս երկրները։ Ես վստահ եմ, որ հնարավոր է ընդհանուր լեզու գտնել բոլոր հարցերում։ Ռուսաստանի հետ մեր շահերը շատհարցերում համընկնում են, մեր տնտեսությունները փոխլրացնում են միմյանց»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ այն, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները ներկայում մշակում ԵԱՏՄ-ից դուրս գալու իրենց ծրագրերը, վիրավորական է ռուսական կողմի համար։ Թվում է, թե Հայաստանը շարժվում է Եվրոպա տանող ճանապարհով՝ հասկանալով, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է, բայց քանի որ ԵՄ-ն առայժմ չի ընդունում, մնում է ԵԱՏՄ-ում՝ կազմակերպությունը դիտարկելով որպես «պահեստային»։
Նախկին նախագահը իրավիճակը պարզաբանել է փոքր և խոշոր բիզնեսի միջև հարաբերությունների օրինակով, որտեղ փոքր բիզնեսն մշտապես ասում է, որ մեկ այլ գործընկեր է փնտրում։ Ի վերջո, խոշոր վիզինեսը, կխզի կապերը և կասի՝ ես պահեստ չեմ։ «Մարդկային հարաբերությունների տեսանկյունից դա վիրավորական է»,- կրկնեց Քոչարյանը։











