Աբխազիայի տարածքով երկաթուղու բացումը լրջորեն կազդի Հայաստանի տնտեսական հնարավորությունների վրա։ «Մեծ քաղաքականություն» պոդքաստի չորրորդ թողարկման ժամանակ դրա մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նախկին նախագահը նշել է, որ նախորդ պոդքաստի ժամանակ թեման քննարկելուց հետո, երեք-չորս օր առաջ, Աբխազիայի էկոնոմիկայի նախարարն ասել է, որ քննարկվում է երկաթուղու բացման հարցը։ «Դա պատուհան է բացում և լրջորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսական հնարավորությունների վրա՝ ավելի էժան տրանսպորտային գիծ, նոր ճանապարհ, որը կապված չէ Ադրբեջանի հետ։
Եթե նրանք (Հայաստանի գործող իշխանությունները) փոխվեն, կարող եմ վստահաբար ասել, որ հնարավոր կլինի արագ կերպով բացել երկաթուղային կապերը Ռուսաստանի, Վրաստանի, Աբխազիայի՝ Սոչիի, Կրասնոդարի հետ։ Բացի դրանից, (Աբխազիայի) նախարարը խոսել է ճանապարհի մասին։ Լարսը 2,4 կմ բարձրության վրա է, և ձմռանը խնդիրներ են առաջանում։ Ռուսաստան տանող նոր ճանապարհը բոլորի շահերից է բխում. որքան շատ ճանապարհներ, այնքան լավ։
Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհը 700 կմ-ով ավելի երկար է։ Մինչդեռ դու ունես ավելի կարճ, ավելի անվտանգ ճանապարհի տարբերակ, և ոչ ոք պայմաններ չի առաջ քաշում։ Ադրբեջանի համար ճանապարհը ճնշում գործադրելու լծակ է։ Վաղը նրանք կասեն, որ 300 հազար ադրբեջանցի պետք է «վերադառնան Հայաստան», հակառակ դեպքում մենք կփակենք ճանապարհը»,- նշել է նախկին նախագահը, հավելելով, որ չնայած երկու ճանապարհներ ունենալը լավ է, մրցակցություն է, սակայն ադրբեջանական ճանապարհը այդուհանդերձ ճնշման լծակ է։











