Մենք Ռուսաստանի թիկունքում և ի հեճուկս նրա ոչինչ չենք անում։ Այս մասին ապրիլի 9-ին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարարի այցի ընթացքում քննարկվելու է երկրի երկաթուղային ցանցը նոր կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը։
«Ղազախստանն օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը TRIPP-ի վերաբերյալ։ Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր դերակատարներից է և մեր գործընկերները փորձում են հասկանալ, թե տրանսպորտային ինչ հնարավորություններ կարող են բացվել իրենց համար: Ղազախստանը միակ երկիրը չէ, որ հետաքրքրված է, բազմաթիվ երկրներ են հետաքրքրված։ Բնականաբար, մենք, այդ թվում Ղազախստանին, պիտի հրավիրենք պատրաստ լինելու Հայաստանով անցնող տարանցիկ ուղիներն օգտագործելու իրենց արտահանումների, ներկրումների և իրենց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ դիտելու համար»։





























