Այսօր մենք ասում ենք, որ մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորված խաղաղություն, որ երաշխավորված թուղթը ստորագրած լինի, և հզոր պետություններից 4-5–ը երաշխավորեն խաղաղությունը, որ պատերազմի դուռը մեր ժողովուրդը փակի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսի ժամանակ իր ելույթում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Այսօր ասում են՝ սեպտեմբերին պատերազմ է լինելու, կամ որևէ պարտավորություն չկատարելու դեպքում պատերազմ է լինելու։ Լավ, դա համարում եք խաղաղությո՞ւն։ Խաղաղությունը պետք է երաշխավորված լինի, որ մարդիկ դա մոռանան»,–ասաց նա։

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, Ծառուկյանը նկատեց, որ այսօր կա 480 հազար հեկտար հող, որից 140–ն է մշակվում. «Մարդիկ պարտքերի ու վարկերի տակ են։ Գյուղացին բերք ու բարիք ստեղծող է, սահման պահող է։ Պետէ գյուղացուն հատկացնեն այն ամենը, ինչ հարկավոր է, որ մարդը բերք ու բարիք ստեղծի, սահմանը պահի»։

ԲՀԿ առաջնորդը կրկնեց իր միտքը, որ չի ուզում վարչապետ դառնալ. «Ես չեմ ուզում, դա ծանր աշխատանք է, մենք այսօր մեր թիմով պետք է ընտրենք վարչապետի թեկնածու։ Ես 100 տոկոսով խոսք չեմ տվել, որ թեկնածուն Պետրոսյանը կամ Պողոսյանն է լինելու։ Այն մարդը, ով կարող է այդ ծանրությունը բարձրացնել, նա էլ պետք է լինի։ Մեր առաջարկածառաջարկած Հայաստանը ամենալավը պետք է լինի։

Այն մարդը, որ մեզ սարքում է արևմտամետ, ռուսամետ, մեր հարաբերությունները ուզում են փչացնել միայն մեր թշնամիները, մենք բոլորի հետ լավ պետք է լինենք՝ հօգուտ մեր երկրի։ Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցը 5–ով ավարտել եմ, ցանկացած ոլորտի տիրապետում եմ։

Ես ոչ մեկի վրա ցեխ չեմ շպրտում, կարաք անեք՝ արեք։ Մենք ասում ենք՝ մենք սա կարող ենք անել։ Մենք ուզում ենք մեր ծրագրերը կյանքի կոչենք, հաղթահարենք, հաղթենք, որ ամբողջ աշխարհը մեզ գնահատի, մենք էլ մեր խեղճությունից դուրս գանք»,–ասաց նա։