Այս փուլում սահմանափակումներ չկան, սահմանափակումները սկսվում են քարոզարշավի մեկնարկից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին, թե հրապարակվե՞լ է՝ որքան են քաղաքական ուժերը նախքան քարոզարշավը սկսելը գովազդ տեղադրել համացանցում:
«Շատ լավ կլինի, որ քաղաքական ուժերը մինչև ընտրություններն էլ իրենց գովազդի համար գումար ծախսեն, կարծում եմ՝ մեր լրատվամիջոցները դրանից կշահեն։ Նկատի ունեմ՝ գումարը չծախսեն միայն ընտրությունների շեմին, ընդհանրապես ակտիվ լինեն, իրենց գովազդն անեն լրատվամիջոցներով»,- ասաց նա:
Հարցին՝ նախընտրական շրջանում գովազդների տեղադրման ինչ շեմ է սահմանված, ինչքան գովազդ կարող են տեղադրել խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը, ԿԸՀ նախագահը նշեց՝ մինչև 800 մլն դրամ:
«Նախընտրական քարոզչության նպատակով ծախսերը, թե ինչ նպատակով կլինեն, իրենք պետք է որոշեն՝ գովազդ, շտաբների վարձակալություն, միջոցառումների կազմակերպում, նյութերի տպագրություն: Մի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածն է, որը հստակ ասում է, թե ինչեր պետք է հայտարարագրվեն: Այդ նպատակով կարող են ծախսել մինչև 800 միլիոն դրամ և՛ կուսակցություները, և՛ դաշինքները»,- ասաց նա:











