Էլեկտրական շարժունակությունն արագ տեմպերով դառնում է ոչ միայն համաշխարհային, այլև հայկական ավտոշուկայի զարգացման կարևոր ուղղություններից մեկը։ «Լիզինգ Էքսպո 2026»-ում այս միտումը ներկայացված է նաև «Ինտերքարս» ընկերության կողմից՝ նոր սերնդի էլեկտրոմոբիլներով և ժամանակակից լուծումներով։
«Ինտերքարս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Մելյանը նշում է, որ ընկերությունն արդեն երրորդ տարին անընդմեջ մասնակցում է ցուցահանդեսին՝ յուրաքանչյուր տարի ներկայանալով ավելի լայն առաջարկներով.
«Այս տարի ևս բացառություն չէ։ Ներկայացել ենք մեր երեք առաջատար ապրանքանիշերով՝ Voyah պրեմիում և լյուքս դասի բրենդով, Dongfeng մարդատար ավտոմեքենաներով և Karry էլեկտրական բեռնատարներով»։
Տպավորիչ է նաև ցուցադրությունը․ շուրջ 30 մետր ճակատային երկարությամբ տաղավարում ներկայացված են Dongfeng և Voyah ապրանքանիշերի վեց մարդատար ավտոմեքենա և մեկ էլեկտրական բեռնատար։ Ընկերությունը հանդիսանում է այս բրենդների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում՝ ապահովելով նաև երաշխիքային սպասարկում։
Արմեն Մելյանի խոսքով՝ ցուցահանդեսին մասնակցությունը պարզապես մեքենաների ցուցադրություն չէ, այլ ընկերության արժեքների ներկայացում.
«Սա հնարավորություն է ևս մեկ անգամ ցույց տալու մեր իրական առաքելությունը՝ որակյալ սպասարկում, գործարանային երաշխիք, օրիգինալ պահեստամասեր և ամենակարևորը՝ պատասխանատվություն հայ սպառողի հանդեպ»։
Dongfeng-ը Չինաստանի խոշորագույն ավտոկոնցեռներից է, որը հիմնադրվել է 1969 թվականին և այսօր համարվում է համաշխարհային ավտոարդյունաբերության կարևոր դերակատար։ Իսկ Voyah-ն կոնցեռնի պրեմիում և լյուքս դասի բրենդն է, որն արդեն ներկայացված է նաև միջազգային ֆինանսական շուկաներում։
Հայաստանը Dongfeng-ի համար դիտարկվում է որպես ռազմավարական շուկա։ Կոնցեռնի տարածաշրջանային ղեկավար Իվան Սյուն, ով հատուկ ժամանել է Հայաստան ցուցահանդեսին մասնակցելու նպատակով, անձամբ ներկայացնում է նոր մոդելները։ Դրանց թվում են ամբողջությամբ էլեկտրական Dongfeng Vigo քաղաքային քրոսովերը և Dongfeng 008՝ վեցտեղանի էլեկտրական հիբրիդը, որը մեկ լիցքավորմամբ ապահովում է մինչև 1300 կիլոմետր համախառն վազք։
Voyah ապրանքանիշը, ըստ ընկերության ղեկավարի, Հայաստանում ներկայացնում է նոր մակարդակ՝ պրեմիում և լյուքս դասի ավտոմեքենաների տեսքով։ Առանձնահատուկ նորություններից է Voyah Courage մոդելը, որը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ և ունի մինչև 901 կիլոմետր վազք՝ մեկ լիցքավորմամբ։
Ընկերության մոդելային շարքը ներառում է ավելի քան 20 ավտոմեքենա՝ սկսած բյուջետային տարբերակներից (մոտ 6.5 միլիոն դրամից) մինչև բարձրակարգ մոդելներ, այդ թվում՝ Voyah Free, Voyah Dream և Voyah Taishan։ Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն ոչ միայն ծանոթանալու մեքենաների տեխնիկական առանձնահատկություններին, այլև փորձարկելու դրանք, ստանալու մասնագիտական խորհրդատվություն և օգտվելու հատուկ լիզինգային առաջարկներից։
«Լիզինգ Էքսպո 2026»-ի շրջանակում «Ինտերքարս»-ը ներկայացնում է նաև հատուկ ֆինանսական պայմաններ։
Արմեն Մելյանը նշում է.
«Այս երեք օրերի ընթացքում առաջարկում ենք մինչև 2 մլն դրամի գնիջեցում, որոշ մոդելների դեպքում՝ մինչև 15 տոկոս զեղչ։ Մեր գործընկեր Ինեկոբանկի հետ առաջարկում ենք նաև 9.9 տոկոս ավտովարկավորում, և ամենակարևորը՝ վարկի հաստատումը կարող ենք իրականացնել տեղում»։
Բացի մարդատար ավտոմեքենաներից, ընկերությունը ներկայացնում է նաև Karry ապրանքանիշի էլեկտրական բեռնատարներ, որոնք նախատեսված են բիզնեսի համար։ Դրանք հարմար են ինչպես Երևանի կենտրոնում բեռնափոխադրումների, այնպես էլ միջքաղաքային լոգիստիկայի և սառը շղթայի ապահովման համար։
Ներկայացված բեռնատար մոդելներից մեկը, ինչպես նշվում է, առանձնանում է իր հնարավորություններով՝ առաջարկելով մինչև 400 կիլոմետր վազք՝ 1 լիցքավորմամբ և գործարանային սառնարանային համակարգ՝ -20-ից +20 աստիճան ջերմաստիճանային ռեժիմով։
«Լիզինգ Էքսպո 2026»-ը կշարունակվի մինչև ապրիլի 12-ը։ Իսկ «Ինտերքարս»-ը մտադիր է շարունակել զարգացնել հայկական ավտոշուկան՝ առաջարկելով նորարարական լուծումներ և քայլել ժամանակին համընթաց։











